Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պուտինի՝ Ալիևին մի կոշտ,կատեգորիկ զանգի հարց է. Իգիթյանը՝ ռազմագերիների խնդրի մասին (տեսանյութ)

«Ռազմագերիների վերադարձման հարցում ավելի մեծ դերակատարում պետք է ունենա Ռուսաստանը»,-այս համոզմանն է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:

Պատգամավորը պնդում է՝ թե՛ հնարավորություններով, թե՛ Արցախում գտնվող խաղաղապահ ուժերի առկայությամբ, թե՛ Բաքվում գտնվող դիվանագիտական աշխատակիցների միջոցով Ռուսաստանը կարող է  ավելի խիստ լինել.

«Ռուսաստանի ստորագրությունը հայտարարության տակ միայն զուտ ստորագրություն չէ, այլ նաև պարտավորություն է»:

Իգիթյանի կարծիքով՝ Ադրբեջանը, տեսնելով, թե ինչ դժգոհություններ է առաջացնում Հայաստանում ռազմագերիների հարցը, փորձում է օգտագործել այս հանգամանքը՝ ազդելու Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վրա:

«Ա1+»-ի դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվեր ստորագրել հունվարի 11-ի ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագիրը, մինչև չլուծվեր ռազմագերիների հարցը, Իգիթյանն արձագանեց, թե չգիտի՝ ինչքանով կարելի է մի կետը մյուսին կապել, բայց ռազմագերիների վերադարձի հարցը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսատանի պարտավորությունն է.

«Հայտարարության մեջ նշված ցանկացած հարց հնարավոր է իրականացնել միայն ավելի հանգիստ մթնոլորտում, իսկ գերիների հարցը ամենացավոտ հարցն է, և մինչև հարցը չլուծվի Ադրբեջանի հանդեպ որևէ վստահություն լինել չի կարող: Ցանկացած տնտեսական համագործակցություն ենթադրում է վստահություն, իսկ վստահություն ինչպե՞ս կարող է լինել, եթե Ադրբեջանը այդպիսի հասարակ հարցը չի լուծում: Ինձ թվում է՝ Պուտինի՝ Ալիևին մի կոշտ, կատեգորիկ զանգի հարց է, որովհետև ի վերջո ռազմագերիների հարցը կա հայտարարության մեջ: Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք նրան՝ այս հարցում ունենալով նաև միջազգային աջակցություն»:

Իգիթյանը կարևոր է համարում, որ ռազմագերիների խնդրի վերաբերյալ մեր երկրից հնչեն միասնական ուղերձներ.

«Եթե Հայաստանից միասնական մեսիջները գնան դուրս, ավելի ազդեցիկ կլինի, ինչը այսօր չի արվում»: