Բացել լրահոսը Փակել լրահոսը
COVID-19
A A
Պաշտոնական

Covid-19-ի հաղթահարման քայլերն ուսումնասիրող հանձնաժողովը սկսում է գործունեությունը

Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սկսել է գործունեությունը:

Այս մասին հայտարարություն է տարածել հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեղյակ եք, դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ՝ իրավունքի ուժով ստեղծվել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես պատերազմական գործողություններով և երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, Քննիչ հանձնաժողովի ձևավորումը և գործունեությունը հետաձգվեց: Ըստ այդմ՝ տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ Նախագահի կարգադրությամբ հաստատվել է Քննիչ հանձնաժողովի անհատական կազմը։ Նշված փաստի ուժով և իր ամբողջական կազմով Հանձնաժողովը այժմ ստանձնում է իր լիազորությունները և սկսում իր գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Պատգամավորն ընդգծել է, որ քննիչ հանձնաժողովի նպատակն է իր լիազորությունների և ունեցած գործիքակազմի շրջանակներում վերհանել ուսումնասիրության բոլոր ուղղություններով հանրությանը հուզող առկա խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված Կառավարության և պարետատան միջոցառումները և գնահատել դրանց արդյունավետությունը:

Նրա գնահատմամբ՝ այս ամենի վերջնանպատակը պետք է լինի ապագայում նմանատիպ համավարակներին դիմակայելու, դրանք կանխարգելելու մեր երկրի առողջապահական համակարգի և առհասարակ որոշումների կայացման ինստիտուցիոնալ կարողությունների մածացումը:

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քննիչ հանձնաժողովը ունի սահմանափակ ռեսուրսներ և հնարավորություններ, վերջինիս գործունեության արդյունավետության ապահովման նպատակով մեզ անհրաժեշտ կլինի հանրության հետ սերտ համագործակցություն, ուստի՝ Ես կոչով դիմում եմ մեր հանրությանը, հատկապես մասնագիտական և փորձագիտական շրջանակներին, ԶԼՄ-ներին՝ աջակցել Հանձնաժողովին՝ կիսվելով իրենց ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքներով, իրենց արձանագրած խնդիրներով, այն հարցերով, որոնք կցանկանան, որպեսզի ուղղվեն Կառավարությանը, որպեսզի հնարավորինս լույս սփռվի իրենց մտահոգող հարցերի վրա: Դրանք պետք է վերաբերվեն՝ -Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելուն, -այդ վիրուսի դեմ պայքարին, -համավարակի հետևանքները մեղմելուն կամ վերացնելուն (այդ թվում՝ հակաճգնաժամային միջոցառումներին, տրամադրված օգնություններին և այլն), - ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումներին, -և այս ամենի ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությանը: Հանձնաժողովը արդեն ունի էլ.հասցե՝ [email protected]: Ես խնդրում եմ բոլոր Ձեր հարցերը, ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկները ուղարկել այդ էլ. հասցեին: Միաժամանակ ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր Քննիչ հանձնաժողովը կգործի կառուցողական, գործընկերային միջավայրում, կդրսևորվի քաղաքական կամք, մեր առջև դրված խնդիրները արդյունավետ լուծելու և արդյունքները հանրությանը ներկայացնելու համար: Բոլոր մեր այն գործընկերներին, ովքեր մտահոգություններ են հայտնում այս Քննիչ հանձնաժողովի գործունեության հնարավոր անարդյունավետության վերաբերյալ, կոչ եմ անում ընդգրկվել Հանձնաժողովի աշխատանքներում և սեփական օրինակով և արդյունավետ աշխատանքով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի Քննիչ հանձնաժողովի անդամը: Շնորհակալություն»,- ասված է հայտարարության մեջ։