Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարիա Կարապետյան
A A
Պաշտոնական

Վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը. ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ անթույլատրելի է, որ գերիների վերջնական թիվը չի հրապարակվել՝ հարցնելով՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում:

Ես կասկած չունեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող էր իմանալ (կարող էր փորձից կռահել կամ Կառավարության գործընկերներից իմանալ), թե ինչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում, սակայն քանի որ ընտրել է հարցը քննարկել հանրային, պարզաբանեմ։
 
Ադրբեջանը հաստատում է միայն այն գերիների առկայությունը, որոնց մասին կան անհերքելի ապացույցներ։ Այսինքն կան անձիք, ում գերության մեջ լինելու մասին Հայաստանը ունի պնդում, սակայն Ադրբեջանը չի հաստատում այդ անձանց գերության մեջ լինելը։ Հայաստանը բոլոր միջոցներով՝ կլինի դա ռուսական կողմի, թե Կարմիր խաչի, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե այլ միջոցներով պնդում է նույնիսկ փոքր ապացույցի պարագայում անձի գերության մեջ լինելու հանգամանքը։
 
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ կան անձիք, ովքեր գտնվում են գերության մեջ, սակայն Հայաստանը այդ մասին ոչ մի տեղեկություն չունի՝ անձին համարելով անհետ կորած։ Եվ չի բացառվում, որ եթե այսօր առկա չէ փոքր կամ անհերքելի ապացույց, ապա վաղը այն կարող է ի հայտ գալ։ Եվ վերջնական թիվ հրապարակելը կդժվարացնի ցուցակի համալրումը։ Ավելին` վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը»։