Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կուզեմ Վազգեն Մանուկյանը հիշի, թե Ադրբեջանում երբ և ովքեր էին թալանում գնացքները․ Գ․Հարությունյան (տեսանյութ)

Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ Հայաստանը ոչ թե հենց այս պատերազմում է պարտվել, այլ պարտվել է վերջին 25 տարիներին՝ ամեն տարի։ Նա հարց է բարձրացնում, եթե պատերազմի ժամանակ ՀՀ ղեկավարը լիներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Վազգեն Մանուկյանը՝ չէի՞նք պարտվի։

Գ․Հարությունյանը նաև հարց է ուղղում իշխանություններին քննադատող՝ Ռ․Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին․

«Այ տղա, էդ հերդ որ գնում, առյուծ էր խփում, էդ ի՞նչ փողերով էր խփում։ Այսօր ինչո՞ւ ենք պարտվել։ Պաշտպանական գծի խրամատներ են ցույց տալիս, որ 30 տարի առաջ են կառուցվել։ Ինչո՞ւ Ֆիզուլի-Հորադիս հատվածում պաշտպանական գիծ չկար։ Քոչարյանի տղեն հորն ինչո՞ւ չի ասում, թե առյուծ խփելու փոխարեն մի երկու ԱԹՍ առնեին բանակի համար»,- ասում է նա։

Ի դեպ, ՀԺԿ փոխնախագահը լսել է, որ Արցախի հարավում Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նաև Ռ․ Քոչարյանին պատկանող ոսկու հանքը, որն արդեն շահագործվում էր։ Իսկ գործող իշխանություններին Գ․Հարությունյանը մեղադրում էր, որ հանրությանը չեն տեղեկացրել, թե ինչպիսի բանակ ենք ունեցել, որ չեն ուսումնասիրել, թե խոշոր զորամիավորումների հրամանատարներն ինչ ունեցվածք ունեն և ինչպես են դա ձեռք բերել։ Ասում է՝ Մեղրիի զորամիավորման նախկին ղեկավարը Կապանում շքեղ մոթել է կառուցել։

Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված հայտարարությանը, որ տրանսպորտային և տնտեսական կապերը պետք է բացվեն, Գ․Հարությունյանը հուսադրում է, թե պետք չէ մտահոգվել, որ մեր բեռները Ադրբեջանում կթալանվեն։ Ասում է, այդ բեռներ տեղափոխող Հարավկովկասյան երկաթուղին է, որը շահագործվում է ռուսների կողմից, և ռուսներն են պատասխանատու անվտանգության համար։ Բայց նա ակնարկում է, որ տասնամյակներ առաջ Ադրբեջանում ինչպես են թալանվել մեր բեռները։

«Հիմա ես ուզում եմ Վազգեն Մանուկյանին հիշեցնել, թե այդ գնացքները երբ էին թալանվում։ Երբ երկրաշարժ էր, երբ մեր բեռներից 160 շարժակազմ Ադրբեջանի տարածքում էր, այդ գիծը կանգնեցնում էին իրենք և գնացքները թալանվում էին։ Վազգեն Մանուկյանը թող լսի, ինքը շատ լավ գիտի, թե ովքեր էին»,- ասում է Գ․Հարությունյանը՝ չցանկանալով մանրամասն տեղեկություններ հաղորդել։

 

Մանրամասները՝ տեսանյութում