Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել համագործակցությունը, սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանին». պատգամավոր (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայատարարություններին, թե հայաստանցի պաշտոնյաները Ստեփանակերտում քաղաքական հայտարարություններ են անում, երևի դա լարվածություն է առաջացնում։

Լավրովը մեջբերել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» և նշել, թե սրանք բացասական ազդեցություն ունեցան։

Իշխող խմբակցության պատգամավորն ասում է՝ պետք է նայել, թե Լավրովն ինչ կոնտեքստում է  սա ասել․

«Լավրովն անդրադարձել է հարցին, թե ադրբեջանական կողմը շարունակ հայտարարություններ են անում, թե հայ պաշտոնյաները չեն կարող ուղևորվել Արցախ, Լավրովը ևս մեկ անգամ հաստատեց, որ այդ հայտարարությունները սին են և հիմնազուրկ, ավելին՝ Հայաստան-Արցախ կապը մշտապես գործել է և այդ կապը մշտապես պահպանվելու է, հենց այդ կոնտեքստում նաև խոսեց հայտարարությունների մասին՝ արձանագրելով ընդհանուր առմամբ դրանց ազդեցությունը»։

Հայրապետյանը հիշեցնում է՝ Ալիևը տարիներ շարունակ խոսում է սպառնալիքի և պատերազմի լեզվով։

Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին, Հայրապետյանն ասում է՝ մաքսիմալն արվում է՝ մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար․

«Ուղղակի Ադրբեջանին ճանաչելով՝ ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը, հասկանալով, թե որքան կարող է ճնշում գործադրել հայ հանրության վրա, նաև ներքաղաքական զարգացումների, ընդհանուր դիսկուրսների վրա, հնարավորինս փորձում է ձգձել գործընթացը»։

Անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ Հայրապետյանն ասում է՝ և՛ հայկական, և՛ ռուսական կողմից հստակ խոսվում է, որ Ղարաբաղյան հարցը մնում է ապագա քննարկումների թեմա։

Խոսելով թուրք-ադրբեջանական սպասվող զորավարժություններից՝  Հայրապետյանն ասում է՝ այն, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել իրենց համագործակցությունը, սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլ նաև տարածաշրջանին, որովհետև սա հակասում է այն հայտարարություններին, որոնք անգամ Թուրքիան  է հնչեցնում կայունության և խաղաղության մասին․

«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն գնալ որևէ գործողության, ապա դա գործողություն է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ»։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին՝ Հայրապետյանն ասաց՝ իրավիճակի հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են։