Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում կունենանք գերիների թվի մասին. Ա․ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր և ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը, ասաց՝ քննարկել են անելիքները թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ բանակի ապագային միտված խնդիրների լուծման հարցում․

«Բանակը մտնում է նոր փոփոխությունների փուլ։ Վերջին երեք օրը Արցախում էի, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ առնչվել, որոնք վերաբերում են մեր բանակի  կարողությունների ավելացմանը, անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին, ես իմ տպավորությունները և առաջարկները ներկացրել եմ Պաշտպանության նախարարին»։

Քոչարյանը պնդեց՝ ռազմագերիների ցուցակ չեն հրապարակում՝ անվտանգային խնդիրներից ելնելով․

«Երբ մենք անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում կունենանք՝ ինչ քանակի ռազմագերիների մասին կարող է խոսք գնալ։ Այսօր հակառակորդ կողմը ներկայացնում է այն ցանկը, որը մենք գիտենք»։

Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե հայկական կողմից գերիների ցուցակը միանգամից և ամբողջական չի տրամադրվել, Քոչարյանն ասաց․

«Հայկական կողմը ցուցակ չի ներկայացնում, որովհետև նմանատիպ ցուցակ չի ներկայացնում նաև Ադրբեջանական կողմը։ Ես վստահ եմ, որ ամսի 11-ի բանակցություններում խանգարող հանգամանքներ են եղել նաև անզգույշ հայտարարությունների, նաև լրատվականների կողմից որոշակի շահարկումների և ինֆորմացիայի արտահոսքի կամ ֆեյք լուրերի տարածման առումով»։

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ նաև ԱԺ պատվիրակության և անհետ կորածների ու զոհվածների հարազատների հետ հանդիպմանը, ասաց մինչ Արցախ գնալը էլի է հանդիպել նրանց հետ, իսկ Արցախ գնացել են հենց ծնողների ցանկությամբ․

«Ցանկացած պաշտոնյա պետք է գիտակցի, որ կորցրած զինվորը իր զինվորն է, զոհված զինվորը հնարավորություն է տվել, որ պաշտոնյայի զավակը չզոհիվի։ Պաշտոնյան պետք է գիտակցի, որ ծնողի չարանալու պատճառն այն է, որ կորցրել է իր ամենաթանկին՝ իր զավակին, բայց եթե նա մնաց մենակ, իր համար աշխարհը քանդվում է, մեր խնդիրն է լինել ծնողների կողքին»։

Քոչարյանը շեշտում է՝ մեր երկիրը հզոր կլինի, երբ մենք գիտակցենք՝ ինչի մեջ է մեր միասնականության ուժը և չլինենք անտարբեր․

«Մեր գեներալները, ովքեր մայոր էին կամ փոխգնդապետ և կերտում էին մեր հաղթանակները, իրենք անտարբեր չէին, ինչ-որ պահից սկսած մենք դարձանք անտարբեր»։

Քոչարյանը պնդում է՝ այս պետերազմի ընթացքում գեներալները չեն եղել այն դիրքում, որը պետք է ապահովեր մեր հաղթանակի ընթացքը․

«Իրենց պաշտոնավարման ընթացքում թույլ տված սխալները և անտարբերությունը կառուցված են եղել  նյութական արժեքների կենտրոնացման վրա, և ոչ թե զինվորի կյանքի տևողության ավելացման վրա»։

Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, մյուս քառօրյայի ընթացքում, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ամբողջությամբ հասանելի կլինի․

«Ես կուզեի դրանից հետո ազնվորեն մոտենանք մեր անելիքներին։ Տեղի են ունեցել տարածքային փոփոխություններ, սա նշանակում է, որ մեր սպառազինությունը պետք է համապատասխանի այդ խնդիրների լուծմանը։ Եթե առաջ մեզ պետք էր հեռահար հրետանի, օրինակ՝ հիմա մեզ պետք է այլ բնույթի սպառազինություն, այլ բնույթի զինվոր, անտարբերության բացառամամբ կառավարում, մեղավորների փնտրտուքը պետք է դնենք մի կողմ»,-ասում է Քոչարյանը։

Հորդորում է նաև չվախենալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից, ասում է՝ ռազմատենչ հայտարարությունները դուր են գալիս Ալիևին և որպես հաղթող կողմ՝ շարունակում է հաճույք ստանալ դրանցից․

«Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ անվտանգության համակարգը և Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը որևէ հեռանկար չեն տալիս այդ հայտարարությունները իրագործելու»։

Քոչարյանն անդրադարձավ նաև հրապարակված փաստաթղթին և պնդումներին, թե Արարատ Միրզոյանը գործակալ է․

«Գործակալական գործը լրիվ այլ բնույթի փաստաթուղթ է ենթադրում, այդ փաստաթուղթը պարտավորություն է, որ մարդը, ով առնչվում է ինչոր գաղտնի գործավարության հետ, հավաստիացրել է, որ անպայաման տեղեկացնելու է։ Գործակալական գործում շատ կարևոր է գործակալին չբացահայտելը և իրենք փաստաթղթերում պետք է հանդես գան կեղծանուններով։ Ինձ մտահոգում է, որ այդ փաստաթղթերը կոնկրետ գաղտնի գործավարությունից դուրս են գալիս և հայտնվում են մեր հայտնի փեսայի ձեռքում»։