Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ պաշտոնավարումը շարունակելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում.
 
«Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը:
Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար: Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնությունը: Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։
 
Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել առողջապահական համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում։ Վստահ եմ` նաև ձեր շնորհով մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:
Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն եմ մաղթում և հայտնում իմ պատրաստակամությունը աջակցել նրան՝ ուժերիս ներածի չափով։
՛
Սիրով,
Արսեն Թորոսյան»:
 

Նշենք, որ վարչապետի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:  

Նրա մեկ այլ որոշմամբ` այդ պաշտոնում է նշանակվել առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը: