Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արտակ Դավթյանի որդու հարսանիքը չի եղել իմ ազատման պատճառը. նախկին ոստիկանապետ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀ ՊՆ նորանշանակ փոխնախարար Արման Սարգսյանն Ազգային ժողովում մասնակցում էր Պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սարգսյանը ոլորտային հարցերին չանդրադարձավ, ասաց՝ մյուս հարցազրույցում առավել մանրամասն կխոսի, քանի որ երկրորդ օրն է, ինչ զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը։

Ինչ  վերաբերում է ոստիկանապետի պաշտոնից ազատվելուն և ՊՆ փոխնախարար նշանակվելուն, Սարգսյանն ասաց ՝  նախկինում էլ ասել է՝ ցանկացած դեպքում, անգամ առանց աշխատանքի, պատրաստ է ծառայել երկրին․

«Ինձ համար սկզբունք դրված չէ, որ ես եղել եմ ոստիկանապետ, չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք»։

Սարգսյանը պնդեց՝ ոստիկանության պետի և՛ պաշտոնավարումը, և՛ ազատումը պայմանավորված է վարչապետի որոշմամբ․

«Իմ աշխատանքի գնահատականը տվել է ՀՀ վարչապետը»,- նշեց նա՝ չցանականալով մանրամասնել իր ազատման պատճառները։

Լրագրողների ճշտող հարցին, թե Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանի՞քն է եղել իր ազատման պատճառը, Սարգսյանը բացասական պատասխան տվեց․

«Արտակ Դավթյանի որդու հարսանքիը չի եղել իմ ազատման պատճառը»։

Հարցին, թե իր համար սպասե՞լի էր նոր պաշտոնի առաջարկը, Սարգսյանն արձագանքեց, թե իր համար սպասելի է եղել յուրաքանչյուր կարգավիճակով ծառայել հայրենիքին։

Չբացառեց, որ իր ազատման պատճառը եղել է համավարակի շրջանում իր աշխատանքի որոշ թերացումները։