Բացել լրահոսը Փակել լրահոսը
Dat_3
A A
Հասարակություն

«Ո՞վ է մորս տանջամահ անելով սպանողը, թող պարզեն, դնեն հրապարկում, վառեն»․ չլսված նորույթ ռուս զինծառայողի գործով․ Առավոտ (տեսանյութ)

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ՝դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2 տարի առաջ Գյումրու Սլաբոդկա թաղամասում հավաքարար կնոջ՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ 57-ամյա կնոջը դաժանաբար ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ․ «Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26-րդ շենքի 12-րդ բնակարանի բնակիչ, 02.12.1961 թվականին ծնված Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին, հետևել է նրան: Ջուլիետտա Ղուկասյանը, խուսափելով Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևից, փոխել է իր քայլերի ուղղությունը և քայլել նույն փողոցի 28-րդ և 30-րդ հասցեներում գտնվող սեփական տների ուղղությամբ։

Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևը, հասնելով Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին` նրան զույգ ակնակապճային շրջանների, ստորին և վերին շրթունքների, ձախից քթի շրթունքային շրջանի, ձախից ճակատային և ակնակապճից դուրս շրջանների, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի շրջանի արյունազեղումների, դեմքի ձախ կեսի այտուցվածքի, աջից ճակատային, ձախից կզակի և ստորին շրթունքի շրջանների, ձախ կոնքազդրային հոդի շրջանի, աջ ազդրի վերին երրորդի դրսային մակերեսի քերծվածքների, ձախից ճակատային և գագաթային շրջանների սահմանի վերքի, պոլիտրավմայի, գանգուղեղային փակ վնասվածքի, կրծքավանդակի փակ վնասվածքի, տրավմատիկ շոկի, կոմայի ձևերով պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետտա Ստյոպայի Ղուկասյանի մահը։

Վերջինս դեպքի վայրից ստացած մարմնական վնասվածքներով «Գյումրի շտապբուժօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը` ժամը 11:30-ին, մահացել է»: Ռուսական կողմը որևէ անգամ Անդրեյ Ռազգիլդեևին դատարան չի բերել, որի պատճառով նիստերը տևական ժամանակ հետաձգվում են։ Ավելին, ՌԴ պաշտպանության նախարարությունը գրավոր երաշխիքներ էր պահանջել Ա․ Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու համար։

Այսօր դատական նիստը վերջապես սկսվեց, սակայն այն անհասկանալի պատճառներով փակ էր լրագրողների առաջ։ Ընդամենը մի պահ հեռուստաօպերատորներից մեկին թույլ տվեցին ներս մտնել՝ կադրեր նկարելու համար, միաժամանակ նախազգուշացրեցին՝ մեղադրյալը համաձայն չէ, որ իրեն նկարահանեն։ Իսկ մեղադրյալին դարձյալ դատարան չէին բերել․ նա դատական նիստին մասնակցում էր հեռավար․ կապ էին ապահովել ռուսական ռազմաբազայից, որտեղ և պահվում է Անդրեյ Ռազգիլդեևը։ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի շահերը պաշտպանող Արայիկ Զալյանն ասաց, որ Քրեական դատավարությունը հեռավար դատավարական կարգ չի նախատեսում, իսկ դատարանը հղում է անում ԲԴԽ-ի մի որոշման, որը չի կարող կապ ունենալ Քրեական դատարավարության հետ։

Դատարանի մեկնաբանությունը, ըստ Արայիկ Զալյանի, այն է, որ օրենսդրությունը չի արգելում նման կարգ կիրառել։ «Քրեական դատավարությունը նախատեսում է տուժողների, վկաների դեպքում՝ համապատասխան հոդվածներով, բայց ամբաստանյալի դեպքում նման կարգ գոյություն չունի»,-ասաց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով