Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խիստ մտահոգված ենք եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանի կողմից շարունակական խախտումներով. Արա Այվազյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

«Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները, ինչի մասին վարչապետը հայտարարեց եռակողմ հանդիպման ընթացքում, հունվարի 11-ին։ Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- ընդգծեց Այվազյանը:

Արտգործնախարարը վստահեցրեց, որ այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ:

Այվազյանն արձանագրեց նաև՝ հրադադարի վերջին լուրջ խախտումը Արցախում տեղի է   ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող

«Խիստ մտահոգված ենք եռակողմ հայտարարության առանցքային դրույթների՝  Ադրբեջանի կողմից շարունակական խախտումներով։ Այդ խախտումները վերաբերում են հայտարարության առաջին և ութերոդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը, ամողջովին վերադարձնեն ռազմագերիներին և գերեվարված անձանց»։

Այվազյանը շեշետեց՝ ուժի կիրառումը կարող է հակամարտության նոր փուլ ստեղծել, բայց չի կարող լուծել հակամարտությունը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման դիրքերից։ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությունում»։

Այվազյանը շեշտեց՝ հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց  բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը։