Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gyps fulvus
A A
Պաշտոնական

«Անգղերի ռեստորանի» գաղափարը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

Ձմռան ամիսներին անգղերի համար հավելյալ սննդի ապահովումն անչափ կարևոր է տեսակի պահպանության համար, ուստի «Արավես» ՀԿ-ն գործարկում է «անգղերի ռեստորանի» գաղափարը։ Ներկայումս ձմռան ամիսներին անգղերն ավելի շատ սննդի կարիք են ունենում, ուստի աշխարհի տարբեր երկրներում իրագործվում է այս գաղափարը։

Լուսանկարում սպիտակագլուխ անգղեր /Gyps fulvus/ են՝ սակավաթիվ և վտանգված տեսակ Հայաստանում։ Սպիտակագլուխ անգղերը ապրում և սնվում են խմբերով, ինչը հեշտացնում է, թե սննդի հայթայթումը, թե բնի պահպանությունը: Ավելին, օդում դիտարկելով մեկը մյուսին նրանք գտնում են թռիչքին առավել հարմար վերամբարձ տաք հոսանքներ:

Հայաստանի յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի հարուստ թռչնաշխարհի ուսումնասիրությամբ և անչափ կարևորում է հատկապես անգղերի պոպուլյացիայի կայուն դինամիկան։ 

Սպիտակագլուխ անգղերը սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` խոշոր եղջերավոր կենդանիների և այլ խոշոր կենդանիների դիակներով: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ սպիտակագլուխ անգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության տակ։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: