Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ջհանգիրյանը կոչով դիմեց ԲԴԽ անդամներին. արդյո՞ք Հարությունյանի ընտրությունը եղել է հակասահմանադրական (տեսանյութ)

Նախին զինդատախազ, ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը Ազգային ժողովում քիչ առաջ հանդիպում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ջհանգիրյանը հանդիպման մանրամասներին չանդրադարձավ, միայն ասաց՝ հույս ունի՝ ընդդիմադիր պատգամավորների բոլոր կասկածները փարատել է։

Ջհանգիրյանը կոչով դիմեց ԲԴԽ անդամներին՝ հավաքվելու և ևս մեկ անգամ իրավաբանորեն քննարկելու ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի տարիքային շեմի հարցը, ասաց՝ ինքն անձամբ պատրաստ է մասնակցել այդ քննարկմանը․

«Եթե իրենք հայտարարում են, որ նաև նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ այդ պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, դա նշանակում է, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման բոլոր միջնորդությունները հակասահմանադրական են։ Ավելին՝ այդ դատարաներն ու այդ դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, հետևաբար՝ դրանց կողմից երկու տարվա ընթացում արձակված բոլոր դատական ակտերն ու որոշումները բեկանելի և ապօրինի են»։

Ջհանգիրյանը պնդեց՝ այս հայտարարությունը Եվրոպական դատարանի համար շատ վտանգավոր փաստ է։

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայատրարել էր, որ Ազգային ժողովը, ըստ Դատական օրենսգրքի, չի կարող ԲԴԽ անդամ ընտրել մեկին, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: 

«Դատավոր նշանակվելու սահմանափակումները թվարկող հոդվածում տարիքային շեմ նախատեսված չէ։ Մենք պարտավոր ենք ելնել ողջամտության կանխավարկածից․ եթե 65 տարին լրանալուց հետո դատավորի լիազորությունները դադարում են, հետևաբար՝ նա չի կարող 65 տարին լրանալուց հետո ընտրվել դատավոր»։

Նաև հավելել էր, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությունը ևս եղել է  օրենքի խախտմամբ։