Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը (տեսանյութ)

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու, ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Հանդիպման ավարտից հետո Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքական թիմի անդամ չի դառնում, գնում է մասնագիտական աշխատանքի։ Ինչ վերաբերում է իր տարիքի անհամապատասխանության հետ կապված քննարկումներին, Ջհանգիրյանն ասաց՝ որեւէ տարիքային խոչընդոտ չկա իր՝ ԲԴԽ անդամ դառնալու համար:

Դիտարկմանը, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, հղում անելով Դատական օրենսգրքին, Սահմանադրությանը, հայտարարում է, որ կա տարիքային շեմ, որից հետո Ազգային ժողովը չի կարող տվյալ անձին ԲԴԽ անդամ ընտրել, Ջհանգիրյանն արձագանքեց․

«Այս նույն օրենսգրքով նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը, նայեն հատկապես 186-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերին։ Այդ հոդվածում կտեսնեք, որ դատավորների համար տարիքային սահմանափակում այդ հոդվածում նախատեսվում է, բացի 112-րդ հոդվածի սահմանափակումները, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։ Հետևաբար, եթե մեկն ընտրվում է 62 տարեկանում, ըստ այդ հայտարարության տրամաբանության, 65-ում այդ ավտոմատ դադարման հիմքը 186-րդ հոդվածը նախատեսած լիներ, իսկ այդպիսի բան չկա։ Օրենքը մեկնաբանում են ոչ թե որևէ հոդված ընթերցելով, օրենքը իր ամբողջ հոդվածների մեջ պետք է մեկնաբանել։ Ես հատուկ այդ խնդիրն ուսումնասիրել եմ։ 65 տարին իրավաբան-գիտնականի համար ո՛չ Սամանադրությամբ, ո՛չ Դատական օրենսգրքով նախատեսված չէ»։

Ջհանգիրյանն ասաց՝ առաջարկը ստացել է «Իմ քայլը» խմբակցությունից և ընդունել է։ Դիտարկմանը, որ իրավապաշտպանների շրջանում կա մտահոգություն, որ Ջհանգիրյանը չի կարող օբյեկտիվ ԲԴԽ անդամ լինել, մատնանշում են զինդատախազ աշխատելու տարիները, Մատաղիսի գործը, նաև պնդում են, թե նրա կառավարման տարիներին կոծկվել են մի շարք հանցագործություններ, Ջհանգիրյանը հակադարձեց․

«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ։ Բա հիմա 2 տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, եւ չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել»։

Ջհանգիրյանը հիշեցրեց, որ 2008-ին իրեն մեղադրանք է առաջադրվել ոստիկանին հրելու համար, քանի որ չէին կարող գտնել առավել լուրջ մեղադրանք։ Վերադառնալով Մատաղիսի գործին, Ջհանգիրյանը հավելեց․

«Մատաղիսի գործով երբ այդ դատապարտյալները ազատվել են կալանքից, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։ Լրացուցիչ նախաքննության արդյունքներում նոր զինվորական դատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը նույն հոդվածներով և ուղարկել դատարան։ Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազը եղել է Գևորգ Կոստանյանը։ Գևորգ Կոստանյանն այդ գործը տարել է մինչև վերջ։ Երկու դատախազներ արել են նույնը, ինչ արել եմ ես»։

Նախկին զինդատախազը պնդեց, որ մինչև այսօր Մատաղիսի գործով իր դիրքորոշումը չի փոխել։