Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լյուքսեմբուրգի-խորհրդարան
A A
Պաշտոնական

Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները. Լյուքսեմբուրգի խորհրդարան 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ բանաձև Լյուքսեմբուրգի խորհրդարանում

Դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին, ի թիվս այլոց, Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները՝ սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատման նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։ 

Նշյալ բանաձևով արձանագրվում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումն Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։

Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են հրահրում, ինչպես նաև՝ ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։

Աղբյուր՝ aravot.am