«Իմ քայլի» ներսում կա լիակատար կոնսենսուս, որ մեզ հետ վերջնագրերով խոսելու ձևն անընդունելի է․ Սուրեն Գրիգորյան
Աջակցիր «Ա1+»-ին«Փաստաբաններին հորդորում եմ՝ որպես համայնք հիշեն իրենց առաքելությունը և հիշեն իրենց քաղաքական մարմին չլինելը»։ «Ա1+»-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսպես արձագանքեց փաստաբանների՝ իրեն ուղղված կոչին՝ դուրս գալ խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր։
Գրիգորյանը նաև հորդորեց փաստաբաններին քաղաքական գործընթացներին մասնակցել որպես քաղաքացի և ոչ թե որպես փաստաբան։
Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանն ուղղված փաստաբանների պահանջին, պատգամավորն ասաց՝ Դատախազությունը պետք է որոշի՝ այդ պահանջին ընթացք տա, թե ոչ:
Հիշեցնենք՝ փաստաբաններն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն պետական դավաճանության վերաբերյալ։
Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների կողմից իշխանական խմբակցությանը ներկայացված պահանջին, թե մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ են տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը․
««Իմ քայլը» խմբակության ներսում, կարծում եմ, կա լիակատար կոնսենսուս, որ մեզ հետ վերջնագրերով խոսելու ձևն անընդունելի է, և անընդունելի է հատկապես ստեղծված լարված իրավիճակում»,-նշեց պատգամավորը։
Մեր ճշտող հարցին, թե այս պահին խմբակցության ներսում կա՞ քննարկում այս պահանջի վերաբերյալ, Գրիգորյանն արձագանքեց․
«Ես այս պահին աշխատում եմ»։