«Ժանգոտած պատրոնը տվել են տղուս ձեռքը, ասել՝ գնա առաջնագիծ, կռվի»․ անհետ կորած զինծառայողների ծնողներից մի քանիսը հանդիպել են նախարարին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարության մոտ այսօր կրկին հավաքվել են անհետ կորած զինծառայողների հարազատները։
Նրանցից մի քանիսին առավոտյան հաջողվել էր մուտք գործել նախարարության վարչական շենք, նաև կոտրել էին շենքի դուռը։
10 հոգու նախարարությունում հրավիրել էին քննարկման։Ծնողներից փոխանցեցին, որ հանդիպում են Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։
Հանդիպման ընթացքում իրավիճակը դրսում շարունակում էր լարված մնալ։
Ծնողներից մեկը նշեց՝ տղան սեպտեմբերի 27-ից գնացել է, մինչեւ այսօր լուր չունեն․
«Վերջին անգամ ամսի 30-ին ենք խոսել, ասաց, որ Ջաբրայիլ է գնում՝ բոյի»,-ասաց մայրը և հավելեց՝ էլ դուռ չկա, որ ծեծած չլինեն, բայց որևէ հստակ պատասխան չեն ստանում․
Մայրն ասում է՝ որդին երկու անչափահաս երեխա ունի․
«Ինչքա՞ն կարելի է, գերեզման էլ չունենա էդ երեխեն։ Ո՞ւր է իմ երեխան, ո՞ւր։ Ինձ փողը չի հետաքրքրում, ես արյան փող ուտող չեմ, կշպրտեմ իրենց վրա։ Փաշինյանը չեմ, որ ծափ տամ, երբ ԱՄՆ-ից օգնություն եկավ, ինձ պետք չի էդ օգնությունը․․․ Փաշինյանը լավ էլ գիտեր, որ ինքը թիկունք չունի կռվելու, խի արեց սա, ջհանդամ, թե նրանք լափել, կերել էին, էսքան զոհեր չէին տվել, մեղքը չեն էս երեխեքը։ Փաշինյանը չգիտե՞ր, որ զենք չունեն, ժանգոտած պատրոնը տվել են տղուս ձեռքը, ով վարորդ է, ու ասել՝ գնա, առաջնագիծ կռվի, ո՞ւմ հետ կռիվ տա»։
Հիշեցնենք՝ մի քանի ծնող երեկ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում են տեսել ու ճանաչել իրենց որդիներին: