Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tavush_fortress
A A
Պաշտոնական

Տավուշ ամրոցում կիրականացվեն պեղումներ

ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ գումար:

Այդ միջոցները նախատեսված են Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում պեղումներ կատարելու համար: Աշխատանքներն իրականացվելու են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից, պեղման աշխատանքներում կներգրավվի նաև տեղի բնակչությունը։

Տավուշ ամրոցի տարածքում ամռանը կատարված դիտարկումը ցույց է տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, նրա հյուսիսարևելյան լանջին պահպանված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում:

Ծրագրի նպատակն է որոշ չափով ընդլայնել նախկինում պեղված տեղամասերը` պարզելու համար ամրոցի հյուսիսային և արևելյան լանջերի հնարավոր կառուցապատման առկայությունը, մշակութային շերտերը և եկեղեցուն հարող հնագիտական միջավայրը: Ակնկալվում է, որ պեղումներից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքում կզարգանա նաև հնագիտական զբոսաշրջությունը:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ