Արցախի նախագահը պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների հետ խորհրդակցություն է անցկացրել
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնկացությամբ:
Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներից են հանդիսանում, և դրանց լուծման համար համապատասխան քանակի շինարարական տեխնիկայի և ֆինանսական միջոցների ժամանակին հատկացումը կառավարության ուշադրության կենտրոնում է:
Ներկայացված ծրագրերի ծավալն ու ժամանակացույցը քննարկելուց հետո նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Հատուկ անդրադարձ է եղել հայկական բնակավայրերի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու հետևանքով առանց կացարանների մնացած զինվորականների և պահեստազորայինների բնակարանային խնդիրներն արագացված ընթացակարգով լուծելու հարցին:
․․․․․․․․․․․․․․․․․․․․
Նախագահ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միության անդամներին սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ակտիվ մասնակցության և հետպատերազմական ծանր շրջանի խնդիրների հաղթահարման գործընթացից անմասն չմնալու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների խնդիրները:
