Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արգիշտի_Մեխակյան_(«Իմ_Քայլը»_դաշինք)
A A
Պաշտոնական

Որոշել եմ մանդատս վայր դնել․ Իմ քայլի պատգամավոր

Լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։
 
Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։
 
Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։
 
Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ:
 
Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ։
 
«Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- որպես հետգրություն գրել է նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։