Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1
A A
Սպորտ

«Ռեալը» պարտվեց «Շախտյորին» և զիջեց դիրքը, իսկ «Ինտերը» հաղթեց և միացավ նրանց պայքարին

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացան 5-րդ տուրի առաջին հանդիպումները:

Նախորդ մրցաշարի հաղթող Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ և առաջին միավորները կորցրեց: Մինչ այդ գերմանական ակումբը տարել էր 15 անընդմեջ հաղթանակ, այդ թվում 9-ը՝ խոշոր հաշվով: Իսպանական ակումբն այդ ոչ-ոքիից հետո ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում, քանի որ նրան հետապնդող Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեց ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգին»:

Ընտրական B խմբում գրանցվեցին երկու անակնկալ արդյունքներ: Նախ Դոնեցկի «Շախտյորը» Կիևում 2:0 հաշվով անսպասելի հաղթեց Մադրիդի «Ռեալին» և միավորներով հավասարվեց նրան (7-ական): Իսկ ահա խմբի առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիա» իր հարկի տակ 2:3 հաշվով զիջեց Միլանի «Ինտերին»: Արդյունքում, խմբում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ վերջին երկու տեղերը զբաղեցնող «Ռեալն» ու «Ինտերը» եթե վերջին տուրում հաղթանակ տանեն, ապա իրենք կմտնեն փլեյ-օֆֆ:

C խմբում հայտնի դարձավ 1/8 եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Դա պորտուգալական «Պորտուն» է, որն իր դաշտում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ և զբաղեցրեց 2-րդ տեղը: Նույն խմբում հանդես եկող հունական «Օլիմպիակոսն» ու ֆրանսիական «Մարսելը» կպայքարեն Եվրոպայի լիգայի միակ ուղեգրի համար:

Ընտրական D խմբում, ինչպես և սպասվում էր, հաղթեց անգլիական «Լիվերպուլը»: Ընթացիկ խաղում լիվերպուլցիները սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեցին Նիդեռլանդների չեմպիոն «Այաքսին» և վաստակեցին 12 միավոր: Նրանց հետապմդող իտալական «Ատալանտան» իր հարկի տակ անսպասելի ոչ-ոքի խաղաց դանիական «Միդտյուլանդի» հետ՝ 1:1, և փաստորեն զրկվեց առաջատարին հասնելու վերջին շանսից:

Այսօր տեղի կունենան տուրի մնացած ութ հանդիպումները: Սկզբունքային նշանակություն ունեն «Բորուսիա» Դորտմունդ - «Լացիո» և «Մանչեսթեր Յունայթեդ» - «ՊՍԺ» հանդիպումները: