Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ստուգայցեր հանգստյան օրերին. ԱԱՏՄ-ն փոքրաթիվ խախտումներ է արձանագրել

 
Covid-անվտանգության նորմերի խախտումներ` Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ և Վանաձոր քաղաքների դեղատներում ու առևտրի կենտրոններում:
 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցների դիտարկումները փաստում են՝ նշված քաղաքների որոշ տնտեսավարողների մոտ չի իրականացվել, մասնավորապես, հաճախորդների ջերմաչափում, թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, բացակայել են անհրաժեշտ հանդերձապահարանները, եղել են դիմակ չկրելու դեպքեր, ախտահանիչ նյութերում հայտնաբերվել է սպիրտի ոչ ճիշտ չափաբաժին:
 
Տեսչականի մասնագետները իրազեկել են տնտեսավարողներին ՀՀ առողջապահության նախարարի N 30-Ն հրամանով սահմանված նորմերի մասին: Խորհրդատվական աշխատանքին զուգահեռ տրվել է նաև խախտումները տեղում և արագ վերացնելու հանձնարարական:
 
Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին` ԱԱՏՄ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել անվտանգության կանոնների պահպանման գործընթացը և կոչ է անում տնտեսավարողներին` խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային կանոնները: