Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մոտ 50-60 ռազմագերու մասով տվյալներ ունենք, բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

«Մոտ 50-60 ռազմագերու մասով մենք տվյալ ունենք, բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել, որոնց բոլոր հնարավոր տվյալները անընդհատ փոխանցում ենք Կարմիր Խաչին և անհրաժեշտության դեպքում ռուսական կողմին ու նաև քաղաքական ղեկավարությանը»,- այս մասին ասաց ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Առ այսօր, և՛ ՀՀ, և՛ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ու իրենց աշխատակազմերը հնարավորինս վերլուծում են բոլոր տվյալները՝ գերիների ու անհետ կորածների հետ կապված․«Փորձում ենք մշակել, տվյալներ հավաքագրել, վերլուծություններ ներկայացնել և համապատասխան ցանկերը ներկայացնում ենք և՛ Կարմիր խաչին, և՛ կառավարությանը՝ այդ թվում ՊՆ-ներին ու իրենց կից գործող գերիների և անհետ կորածների հանձնաժողովներին, որոնք ի դեպ լիազոր մարմինն է այս մասով»,- ասում է  Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ կառավարությունը հանձինս գերիների ու անհայտ կորածների հանձնաժողովների և ՀՀ-ում և Արցախում պատասխանատու է այս գործողությունների համար։ Եվ իրենք պարզապես աջակցող գործառույթ են կատարում։

«Մեր ներկայացրած տվյալների հիման վրա կոնկրետ դեպքեր գիտեմ, որ հնարավոր է եղել փրկել կյանքեր ու Կարմիր Խաչը կարողացել է կապ հաստատել այդ ռազմագերիների հետ»,-ասաց նա։

Արտակ Բեգլարյանի նշում է, որ դրանից բացի մենք պետք է չմոռանանք, որ ունենք քաղաքացւական  անհայտ կորած անձինք, որոնց մասով ամբողջ վերլուծությունը, տվյալների հավաքագրումը փաստացի իրենք են կատարում՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ բոլորը Արցախում են գտնվել՝ հիմնականում եղել են իրենց տներում, երբ Ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են այդ բնակավայրեր․

«Մոտավոր հաշվարկով ի սկզբանե 30 քաղաքացիական անհայտ կորած անձ կար, որոնց մի մասի ճակատագիրն արդեն պարզվել է, կան արդեն հաստատված դեպքեր, որ նրանք քաղաքացիական ներկալված անձինք են, այսինքն գտնվում են Ադրբեջանի վերհսկողության ներքո»,- ասում է նա։ Կարմիր Խաչը ևս կապ է հաստատել նրանց հետ։

11 քաղաքացիական անձանց  մահվան հաստատված դեպք կա, որոնցից 7-ի մարմինները Ա․Բեգլարյանի խոսքով՝ զինադադարի ընթացքում ուղղակի վերադարձվել են հայկական կողմին։ Նա նշում է, որ բոլոր 7-ն էլ սպանված են եղել և հիմա փորձաքննությունները ընթանում են․ «Գրեթե բոլորն էլ ենթարկվել են  խոշտանգման՝ այդ թվում հետմահու։ Եղել են ականջներ կտրելու, աչք հանելու, գլխատման փորձեր, հետմահու դանակահարության և մի շարք նմանատիպ դեպքեր, որոնք պարզապես սարսափազդու են»,- ասում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա նշում է, որ մի քանի դեպք կա քաղաքացիական անձանց մասով, որոնց տեսանյութերը ադրբեջանական կողմն է հրապարակել․ « Կենդանի վիճակում մարդկանց գլխատել են, ականջները կտրել։ Բոլոր հնարավոր դեպքերով մենք տվյալները վերլուծում ու ներկայացնում ենք»։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այստեղ և՛ գլխավոր պատասխանատուն, և՛ միակ հանցագործը ադրբեջանական կողմն է։