Բացել լրահոսը Փակել լրահոսը
France-1
A A
Քաղաքականություն

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերելու». Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

Փարիզի կողմից ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի տա, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումն օգտակար չէր լինի ոչ մեկին ՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային», – ասել է նա։

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև էր ընդունել ՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Լեմուանի խոսքերով ՝ այդ քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երևանի և Փարիզի այլ գործընկերների քաղաքականությունը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի բխում միակողմանի գործողություններից, այլ կախված է երկու կողմերի միջև երկխոսությունից։ Եվ այսօր, ինչպես երբեք, կողմերը կարիք ունեն համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի ՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի-խմբ․) աջակցության, որպեսզի այդ երկխոսությունը շարունակվի»,- ընդգծել է նա։

Ինչպես նշել է Լեմուանը, միջազգային հանրությունը, այդ թվում ՝ Հայաստանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Պետքարտուղարն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Փարիզը կարող է մասնակցել հակամարտության կարգավորմանը, եթե նրա միջնորդությունը ընդունվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից: Լեմուանը կարծում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը կհանգեցնի իրավիճակի վրա «ազդեցության բոլոր հնարավորությունների» կորստին և կխոչընդոտի խաղաղ գործընթացին: