«Գրադը եկավ, մեր մեքենայի հետեւը տրաքեց»․85-ամյա Էմմա տատը Հադրութում միակ որդու գերեզմանն է թողել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀադրութցի փոքրիկ Անին արդեն 46 օրական է, ծնվել է հոկտեմբերի 9-ին՝ Երևանում: Պատերազմի օրերին Անիի մայրիկը՝ Դիաննան, հասցրել է Հադրութից Ստեփանակերտի ծննդատուն, ապա Երևան հասնել։ Անիի ծնողները, մորաքույրները, տատիկները՝ ընդհանուր 14 հոգի տեղավորվել են Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ տիկին Անահիտի տանը․
«Ինձ ամուսինս ուղարկեց այստեղ, ինքը մնաց, հոկտեմբերի 9-ին երեխան ծնվեց, ու մնացինք ստեղ»։
Հադրութի տանը փոքրիկին դիմավորելու համար բոլոր իրերն արդեն պատրաստ են եղել, բայց անսպասելի պատերազմը խառնել է ամեն ինչ․
«Ամսի 9-ին ծննդաբերեցի, ասեցին, զինադադար է, ասեցին ՝ինչ լավ է, կվերջանա, կգնանք Հադրութ, սաղ մնաց տանը, մի քանի շոր եմ առել, բերել հիվանդանոց, հագցրել երեխուս»։
Դիանայի ամուսինը՝ Ռոբերտը, մինչ հրադադարը Ստեփանակերտում է եղել, մասնակցել թիկունքի աշխատանքներին, հրադադարից հետո եկել է, որ ծանոթանա նորածին առաջնեկի հետ։
Հադրութից մի կերպ Մրգաշատ հասած, ամեն ինչ կորցրած այս ընտանիքի համար կյանքը հեշտ չէ, բայց առավել դժվար է երեք քույրերի տատիկի՝ 85-ամյա Էմմա Մելքումյանի համար, ով Հադրութում թողել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից միակ որդու գերեզմանը։
Էմմա տատիկն ասում է՝ իր կյանքի 85 տարիների ընթացքում դժվարություններ շատ է տեսել, բայց այս պատերազմի նմանը չի տեսել, սկզբում ասել է՝ Հադրութից դուրս չի գա, բայց հետո հասկացել է՝ մնալ հնարավոր չէ․
«Կրակը կրակից, կրակը կրակից վեր էին թափում, վերևից ներքև, աղջիկներս ու թոռնիկներս ասացին՝ վեր կաց գնանք, ասացի՝ չէ, իմ որդուն չեմ թողնի այստեղ, գնամ, բայց այնպես էր, որ արդեն մեզ վրա էր թափվում։ Մի մեքենա զոռով մի տեղից ճարել էինք, գիշերվա կեսին հասանք, որ անցնում էինք թումբի հետևը, գրադը եկավ, մեր մեքենայի հետեւը տրաքեց»,-պատմում է տատը։
Հադրութցի այս մեծ ընտանիքում մի քանի երեխաներ կան՝ տարբեր տարիքի, նրանք բոլորն արդեն տեղավորվել են Մրգաշատի դպրոցում, ունեն նոր ընկերներ, բայց պատերազմի օրերի հիշողությունները նրանց համար անցյալում չեն ։
Հադրութի Ակնաղբյուր գյուղ հարս գնացած Լուսինեն ամուսնուն փետրվարին է կորցրել, Հայաստան է տեղափոխվել երկու տարեկան դստեր ու 11 ամսական տղայի հետ։
Ապագայի մասին հարցերին Լուսինեն անորոշ պատասխաններ է տալիս, ասում է՝ չի պատկերացնում ՝ ինչպես են ապրելու, ինչ են անելու հայրենի գյուղն ու տունը կորցնելու հետո․
«Ասում էինք՝ վերջանա պատերազմը, հիմա վերջացելա, չգիտենք՝ ինչ անենք»։
Լուսինեի մյուս քույրը եւս անելանելի վիճակում է, Հադրութում թողել է ամեն ինչ։
«Աշխատում էինք, մեզ համար ապրում էինք, ով կպատկերացներ, որ այսպես կլինի»։
Չնայած դժվարություններին՝ ընտանիքը հուսով է, որ ելք կգտնվի, ամենակարեւորը՝ տան տղամարդիկ ռազմաճակատից վերադարձել են։