Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախ․
A A
Պաշտոնական

Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է

2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը, որի շահառուների թիվը Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանական ծառայության լիցենզավորում  ունեցող  բժշկական կենտրոններում կազմել է 107:

Ներկայումս ծրագրի շրջանակներում բուժում է ստանում 132 պացիենտ: Վերջիններս ստանում են միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում, և  այս ծրագրի շնորհիվ` առաջիկա տարիների ընթացքում կունենանք առողջացած ու լիարժեք կյանք վերադարձած կանայք:

Հարկ է նշել, որ նախքան այս պետական ծրագիրը, պացիենտների շուրջ 35-40%-ը հրաժարվում էր տրաստուզումաբ դեղը ձեռք բերելուց՝ թանկարժեք լինելու պատճառով և ունենում էր հիվանդության ռեցիդիվ կամ մետաստազավորում 2-3 տարվա ընթացքում:

Տրաստուզումաբի (հերցեպտին) հիմնական «HERA» հետազոտության տվյալների համաձայն` ապացուցվել է, որ HER2 դրական վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների համար տրաստուզումաբի 12 ամիս տևողությամբ պահպանողական ադյուվանտ բուժումն ապահովում է հեռակա մետաստազների զարգացման 50%-ով նվազում` առանց տրաստուզումաբի բուժվող պացիենտների համեմատությամբ։ Այս հետազոտության հիման վրա վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների բուժման ստանդարտ է հանդիսանում տրաստուզումաբի կիրառումը` ադյուվանտ ռեժիմում 1 տարի ժամկետով։ Ամերիկյան NCCN ուղեցույցում առկա տվյալների համաձայն` տրաստուզումաբի ադյուվանտ ռեժիմում կիրառման ստանդարտն է համարվում բուժման 1 տարի տևողությունը, որի կրճատումը կարող է հանգեցնել հիվանդների մոտ բուժման արդյունավետության ցուցանիշների զգալի կրճատման, մետաստազների հավանականության և մահացության ցուցանիշների բարձրացման։ 

Այսպիսով, ծրագրի շարունակականությունը կնպաստի «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների բուժմանը: