Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի». Կիմ Բալայանը միացել է հացադուլին (տեսանյութ)

Կառավարության մոտ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ իրականացնող  դաշնակցականներ Գեղամ Մանուկյանին և Գարիկ Ավետիսյանին միացել է նաև Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը։

Վերջինիս պահանջը տարբերվում է Դաշնակցության ներկայացուցիչների պահանջից։ Բալայանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար․

«Սահմանադրությամբ սահմանված է, թե ինչպես են կնքվում միջազգային փաստաթղթերը և որոնք են համարվում միջազգային պայմանագրեր։ Ինքը այդ կարգը խախտել է և մեր ժողովրդին դրել շատ ծանր վիճակի մեջ»։

Բալայանը պնդում է՝ ռազմական և մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է կնքվի որպես միջազգային պայմանագիր և պետք է վավերացվի․

«Վավերացվելու համար այն պետք է նախ և առաջ քննարկվի Սահմանադրական դատարանում, ՍԴ-ն պետք է եզրակացություն տա, որ տվյալ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, որից հետո ԱԺ-ն պետք է վավերացնի, իսկ հայտարարության անվան  տակ ստորագրվել է մի փաստաթուղթ, որով սահմանվում են մի շարք իրավունքներ և պարտականություններ, իսկ  մեր հայրենիքի մեծ մասը նվիրաբերվել է Ադրբեջանին»։

Բալայանը համոզված է՝ հացադուլը ավելի գործուն միջոց է՝ արդյունքի հասնելու համար։

Զրուցեցինք նաև երեկվանից հացադուլ իրականացնող ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանի հետ. վերջինս պնդեց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը շարունակում է մնալ իր օրակարգում․

«Խոսքը անձին հանելու և մեկ ուրիշին դնելու մասին չէ, այդ մարդը պարզապես չի կարող ղեկավարել պետական համակարգը, և նրա ամեն վայրկյանի քայլերը վկայում են այն մասին, որ նրա ամեն ինչը շարունակում է մնալ փիառ»։

Գարիկ  Ավետիսյանն էլ հավելեց՝ շարունակելու են հացադուլը, մինչև իրենց պահանջը իր կատար ածվի։