Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խայտառակ սպառնալիքներ ենք ստանում, որի մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցների ժամին քիչ առաջ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց․ «Երեկվա Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի մասնակիցներից մեկը սպառնում է, որ մարդկանց տներ են գրավելու, և նաև իմ անունն էր տալիս։ Նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ ենք ստանում, որի մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները։ Երեկ էլ Զինված ուժերի համազգեստով մարդիկ խոստանում էին, որ գալու են մեր տունը գրավեն, հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին»։

Մարուքյանը պնդեց՝ երկրում տիրող այս անիշխանությանը, խայտառակությանը պետք է վերջ տրվի․ «Բնականաբար, խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին գալ մեր տան վրա, որովհետև հաստատ սաղ-սալամաթ հետ չի գնա, բայց ամեն դեպքում անիմաստ այս լարումը լուրջ խնդիր է մեր երեխաների և ընտանիքի անդամների համար»։

Մարուքյանը նաև հիշեցնում է՝ ընդդիմադիր որևէ գործիչի որևէ անվտանգություն չի տրամադրվել,բայց, օրինակ Լենա Նազարյանին տրամադրել են անվտանգութուն։ «Ես ոստիկանապետին ասել եմ դեռևս ամսի 11-ին, որ այլանդակ սպառնալիքներ ենք ստանում, ընդ որում՝ զանգերի միջոցով, այսինքն՝ սպառնացողի անձը հայտնի է»։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների հայտարարությանը, թե փախստականների տարբերակին համաձայնելուց հետո Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի, Մարուքյանն ասաց՝ ասվածը իրականությանը չի համապատասխանում․ «Փախստականների հարցը քննարկվել էր, դեռ հարց է՝ ադրբեջանցիք գալո՞ւ էին իրենց փախստականներով այդտեղ, թե չէ։ Հիմա այդ նույն իրավիճակում մենք ենք Հադրութի պարագայում, հայական կողմը պահանջե՞լ է՝ Հադրութ վերադառնան փախստականները։ Մոտավորապես 15 հազար մարդ է ապրել Հադրութում և հարակից շրջաններում»։

 Մարուքյանը նաև պնդում է՝ մոբիլիզացիան պատերազմի ընթացքում կազմակերպվել է խայտառակ ձևով․ «Բազմաթիվ մարդիկ այդպես էլ չեն կանչվել, և ինձ հարց են տվել՝ լավ եթե մենք զինվորի կարիք ունեինք, ինչո՞ւ չեն հիմա տանում, Վազգենի ժամանակ մեքենաներով փողոցներից մարդկանց տանում էին»։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պնդում է՝ այս իշխանության արարքի պատճառով հայ ժողովուրդը ծոռ ու թոռով դեռ պատասխան է տալու։

ԼՀԿ պատգամավոր Տորոն Սիմոնյանն էլ հավելում է՝ այն դրույթները, որոնք ամրագրվել են այս փաստաթղթով, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք վավերացման են ենթակա Ազգային ժողովում, եթե այդ գործընթացը չի կատարվել, ըստ Սիմոնյանի, սրանք առոչինչ դրույթներ են։

«Մենք կանգնած ենք փաստի առջև, որովհետև, Թուրքիան զորք է կուտակում Հայաստանի հետ սահմանին, եթե մենք ուշադիր լինենք Թուրքիայի հայտարարություններին, կարելի է հստակ տեսնել՝ Թուրքիան ուղղակիորեն մի քանի անգամ հայտարարել է, որ որոշակի մտավախություններ ունի, որ հետքայլ է կատարվելու ստորագրված փաստաթղթից և երաշխիքներ է ցանկանում ունենալ, որ որևէ կողմ այս փաստաթղթից հետքայլ չի կատարի, այդ թվում Հայաստանը կշարունակի զորքերի դուրսբերումը այսպես կոչված «ադրբեջանական» տարածքներից»,-նշում է պատգամավորը և հավելում՝ սա կարելի է դիտարկել Թուրքիայի կողմից ուժի ցուցադրություն․

«Դա կարելի է դիտարել նաև այն համատեքստում,որ ամբողջ տարածաշրջանում ուժերի կուտակում է տեղի ունենում, ոչ միայն Թուրքիան է զորքեր կուտակում հարևան պետությունների սահմանին, նաև տարածաշրջանային այլ պետություններ են դա կատարում»։