Բացել լրահոսը Փակել լրահոսը
125368788_1717919651708523_4859528168620239960_o
A A
Պաշտոնական

Պատվիրակությունը, Պաշտպանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ միասին:
 
Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն արձանագրված՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները և ադրբեջանական ագրեսիայի ընթացքում իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները: Նա նշել է, որ պատերազմի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2 միջանկյալ զեկույց ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, 3 փակ զեկույց՝ հայ ռազմագերիների և զինծառայողների դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, 1 զեկույց՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորման վերաբերյալ, 1 զեկույց՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, ինչպես նաև մեկ համատեղ զեկույց ՀՀ Մարդու իրավունքների հետ՝ քիմիական բնույթի զինատեսակների կիրառման վերաբերյալ:
 
Արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և կանխելու համար:
 
Իր հերթին Բարոնուհի Քերոլայն Քոքսը ընդգծել է, որ երկար տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին մշտապես բարձրաձայնել է միջազգային հարթակներում, իսկ պատերազմի ընթացքում՝ կոչ արել շահագրգիռ կառույցներին՝ գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը: Բարոնուհին շեշտադրել է, որ աջակցում է Արցախի ժողովրդի արդար պայքարին իր իրավունքների ու ազատությունների համար, և միջազգային հանրությունը պարտավոր է պատշաճ ուշադրություն դարձնել առկա կարիքների ու հիմնախնդիրների վրա:
 
Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Արտակ Բեգլարյանը անդրադարձել է Արցախում ստեղծված մարդասիրական աղետին և մատնանշել միջազգային աջակցության այն ուղղությունները, որոնք կարևոր են առկա ծանր իրավիճակը հաղթահարելու համար:
Հանդիպումից հետո պատվիրակությունը, Պաշտպանի ուղեկցությամբ, այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերված քաղաքացիական մի շարք շինություններ: