Բացել լրահոսը Փակել լրահոսը
7736908
A A
Հասարակություն

Լաց լինելով Քաշաթաղում քանդում եւ այրում են տները (տեսանյութ)

Դադիվանքում մկրտություն է։ 8-ամյա տղայի մկրտությանը մասնակցում են ոչ միայն հարազատները, այլեւ մի քանի տասնյակ ուխտավորներ, ովքեր եկել են Արցախի եւ Հայաստանի տարբեր շրջաններից։ Դադիվանքն այն հատվածում է, որը հայտնի փաստաթղթով անցնում է Ադրբեջանին։

Դադիվանքի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննեսն ասում է` ինչպե՞ս մի թղթով կարող են որոշվել հազարավոր ճակատագրեր։ Նա կրկնում է` դուրս չի գալու, չնայած վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ Եկեղեցու բակում կեսօրից հետո հինգ հարյուր մարդ կա. եկել են հույսով, որ սա վերջին անգամը չի լինի` հակառակ առկա իրողությանը։

Ռուս խաղաղապահներն արդեն Քարվաճառում են։ Դադիվանքից ոչ հեռու արդեն նրանց զրատեխնիկան էր` ՌԴ դրոշներով։ Ռուսական զորքի մտնելուն զուգահեռ` Քարվաճառի բնակիչներն այրում են իրենց տները։ Նրանք, ովքեր հնարավորություն ունեն շինանյութը տեղափոխելու, քանդում են տները։

«20 տարում սարքեցի, 2 օրում քանդեցի»,-ասաց բնակիչներից Դավիթը։

Ի դեպ, բնակիչները նշում են` անգամ տրանսպորտ չի առաջարկվել պետական մարմինների կողմից. միայն եղել է հրահանգ արագ ազատելու տները։ Քանդում են տները, սննդի օբյեկտները, լցակայանները։ Դեպի Արցախ բերող լցակայաններում առավոտից հերթեր են, Արցախից Հայաստան ճանապարհին՝  խցանումներ։

Ոչխարի հոտը եւ տավարի նախիրը հովիվները տեղափոխում են Հայաստան։ Ասում են` երկու օրում պիտի հասնեն Վարդենիս։ Արցախում կա ինտերնետի, հեռախոսային կապի խնդիր։

Առաջին իսկ հնարարավորության դեպքում կներկայացնենք տեսանյութերը։