Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին. վարչապետ. ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում, անդրադառնալով պատերազմը դադարեցնելու համաձայնությանը, ասաց, որ հայկական բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր էր ձևակերպել՝ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը:
«Ես իմ նախորդ տեքստում ևս ասել եմ, որ այսպիսի որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը չէր երևում կամ դրանց լուծման ռեսուրսը սպառված էր: Օրինակ բախվել ենք դեպքերի, երբ զինված ուժերի գունդը մարտական նպատակով պետք է տեղափոխվեր, սակայն տվյալ բնակավայրի բնակիչները փակել էին զորամասի դռները, մեքենաներին թույլ չեն տվել, որ դուրս գան: Այդպիսի տասնյակ դեպքեր ենք ունեցել: Արդյունքում, տեխնիկա առանջնագիծ հասցնելու խնդիր է եղել: Շատ դեպքերում կոշտ միջամտություն է կատարվել, որոշ դեպքերում չի եղել հնարավորություն, որովհետև ոստիկանները գործուղված են եղել առաջնագիծ: Դա բերել է լուրջ, ծանր հետևանքների»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը որպես հաջորդ խնդիրը նշել է զորահավաքային համակարգի հարցը: Նրա խոսքով, կա գործող բանակ, անհրաժեշտության դեպքում զորահավաքով ներգրավվում են քաղաքացիներ: Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք սրտի, այնքան պատրաստ չեն ռազմական գործողությունների լիարժեք մասնակցելու, արագ կորցնում են մարտունակությունը: Արդյունքում, խնդիրներ են առաջանում:
«Դա ամենևին չի նշանակում, որ այդ ներգրավվածներից բոլորն են նույն վիճակում եղել: Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել: Ամեն դեպքում մենք բախվել ենք նաև որոշակի դասալքության խնդրի, որը հնարավոր չի եղել լուծել: Երբ ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել, մենք խնդիր ենք ունեցել, լավ կռվողները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել: Իրենց էլ պետք է հանգստանալու հնարավորություն տրվի: Եղել են մարդիկ, որոնք մեկ ամիս շարունակ մնացել են և այդպես էլ փոխարինող հնարավոր չի եղել գտնել: Այդ ամենը ստեղծել է լուրջ խնդիրներ, այն աստիճան, որ մեր բանակը, Արցախի քաղաքական ղեկավարությունը հստակ խնդիր է ձևակերպել, որ պետք է ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն ավելի ծանր: Սա չափազանց դժվար ու ծանր որոշում է եղել: Մեր վրդովմունքը նույնպես առաջացրել է, բայց մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ այլընտրանք գոյություն չուներ»,-ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում