Ես ճանաչու՛մ եմ Արցախը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք Արցախն ենք: Մենք կանք: Դա անհերքելի է, ինչպես ձեր սեփական գոյության փաստը: Մենք հինավուրց ավանդույթ ունենք. մկրտության ժամանակ, հոգևոր անուն շնորհելիս, խաչ ենք նվիրում՝ կարմիր ու սպիտակ թելի վրա: Դա հոգևոր ծննդյան խորհրդանիշ է, չարին դիմակայելու պարտավորության մշտական հիշեցում: Անվանակոչելով մարդուն՝ մենք ճանաչում ենք նրան: Այսօր չարը պատել է մեր երկրին: Այն ավերում է տներ ու վանքեր՝ ոտնահարելով ու մերժելով նույնիսկ մեր գոյության փաստը: Չարն անհայրենիք է: Այն թափառում է անտարբերության դաշտերով և սպասում է հարվածելու հարմար պահի: Քանի դեռ մենք ճանաչված չենք, չարը վստահ է, որ մեզ կարելի է ոչնչացնել, և ոչ ոք դա չի նկատի: Չարը տեղ չունի Արցախի բարձունքներում: Մենք մեր փորձով գիտենք, որ, եթե նահանջենք, այն կտիրի ողջ տարածքին և կերպարանափոխվելով կթակի յուրաքանչյուրիս դուռը: Մենք ընդունել ենք կռիվը և չենք նահանջելու: Արցախը մենք ենք: Մենք կանք: Կոչե՛ք մեզ մեր անունով»:
Հատված «ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽԸ» քաղաքացիական նախաձեռնության մանիֆեստից
«Ես ճանաչում եմ Արցախը» միջազգային քաղաքացիական նախաձեռնությունն սկիզբ առավ Արցախի ազատության և անկախության համար պայքարի այս պատմական օրերին: Մինչ Արցախի պաշտպանական ուժերը լուծում են ռազմական խնդիրներ, բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը, պետք է միավորվեն, որպեսզի հասնեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:
Միայն ճանաչման պարագայում Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում կստեղծվեն խաղաղ գոյության երկարաժամկետ իրավական նախադրյալներ: «Ես ճանաչում եմ Արցախը» նախաձեռնության խորհրդանիշն արցախյան նարոտն է՝ հյուսված սպիտակ, կարմիր և մանուշակագույն թելերից. սպիտակը խորհրդանշում է անպարտելի ոգու մաքրությունը, կարմիրը՝ հաղթական կամքը, մանուշակագույնը՝ մեր հիշողությունը, իսկ եռահյուսը խորհրդանշում է միասնականությունը: Անվանակոչելով մարդուն՝ մենք ճանաչում ենք նրան: Մենք աշխարհի մարդկանց ցանկանում ենք հասցնել այն կարևոր ուղերձը, որ ցանկացած մարդ, կազմակերպություն, հանրույթ, ժողովուրդ կամ նահանգ իրավունք ունի ճանաչելու Արցախը՝ առանց սպասելու կառավարությունների և միջազգային կառույցների որոշումներին:
Արցախն իր անունով կոչել նշանակում է ճանաչել այն, ճանաչել արցախցիների՝ սեփական հայրենիքում առանց վաղվա օրվա հանդեպ վախի, խաղաղ ապրելու իրավունքը: Արցախի Հանրապետության կարգավիճակի չճանաչումը հանգեցնում է այնտեղ ապրող խաղաղ բնակչության հանդեպ ագրեսիայի կիրառման, քանի որ նրանք իրավական դաշտից դուրս են մնացել:
Արդեն քսանվեց տարի չի ճանաչվում Արցախի բնակչության խաղաղ ապրելու իրավունքը: Կարելի է անվերջ խոսել իրավական կոլիզիաներից, բայց Արցախյան հիմնահարցն առաջին հերթին էթնիկ հիմնախնդիր է: Ցանկացած հասարակությունում մեկուսացումն ու անվանազրկումը համարվում են խոշտանգման և նսեմացման ձևեր: Ժամանակն է դադարել ձևացնել, իբրև թե արցախցիները գոյություն չունեն: Համընդհանուր լռությունը հավասարազոր է հավաքական մահապատժի: Արցախի բնակիչները բախվել են չարին, որը մերժում է մարդկանց խաղաղ գոյության հիմնարար իրավունքը:
Պատմության խեղաթյուրումն ու Հայոց ցեղասպանության ժխտումը չարիք է, խաղաղ բնակչության գնդակոծումը չարիք է, վանքերի ոչնչացումը չարիք է: Այն մարդը, որն ընտրություն է կատարում հօգուտ Արցախի, դիմակայում է Չարին: Յուրաքանչյուրը նարոտ հյուսելու և «Ես ճանաչում եմ Արցախը» հայտարարելու իր պատճառն ունի: Դա սեփական դիրքորոշման արտահայտում է, անձնական ընտրության հանրահռչակում, բարի կամքի դրսևորում. ահավասիկ՝ «Ես ճանաչում եմ Արցախը, քանի որ չեմ ցանկանում Հայոց ցեղասպանության կրկնություն», «Ես ճանաչում եմ Արցախը, քանի որ դեմ եմ ահաբեկչությանը», «Ես ճանաչում եմ Արցախը, քանի որ մարդ եմ, որն ունի ընտրության ազատություն», «Ես ճանաչում եմ Արցախը, ինչպես ճանաչում եմ ինքս ինձ»:
Նախաձեռնության անդամները հավատացած են, որ միջազգային հանրության աջակցությունն Արցախին և դրա ճանաչումն աշխարհի մարդկանց, կազմակերպությունների և հանրույթների կողմից կամրապնդի սեփական իրավունքների պաշտպանության պայքարում Արցախի ժողովրդի կամքը:
«Ես ճանաչում եմ Արցախը» միջազգային քաղաքացիական նախաձեռնությունը կոչված է խթանել Արցախի Հանրապետության ճանաչման քաղաքական և դիվանագիտական գործընթացը: Շարժմանը կարող է միանալ յուրաքանչյուրը: Հյուսե՛ք արցախյան նարոտ Ձեզ և Ձեր մտերիմների համար: Դուք կարող եք կապվել մեր հետ [email protected] էլ․ հասցեով։ www.irecognizeartsakh.org