Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հանուն Արցախի անկախության․ ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել (տեսանյութ)

Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։ «Օրվա ընթացքում տարբեր ակցիաներ ենք իրականացնում՝ ներգրավելով մեր մյուս անդամներին, հայրենակիցներին։ Առաջին օրը կոչ արեցինք, որ պետք է դադարեցնել թուրքական ապրանքի վաճառքը հայկական խանութներին։ Լավ արձագանք է ստացել»,-«Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Հայ երիտասարդաց դաշնակցության Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության անդամ Արամ Մանուկյանը։ Ամեն երեկո հայերով հավաքվում են, ազգային-ազատագրական երգեր, պատգամներ են հնչեցնում՝ ներգրավելով նաև տարբեր քաղաքական գործիչների, որոնք ելույթներ են ունենում։ «Մենք շատ լավ գիտենք, որ մեր արածը որևէ բան չէ՝ ի համեմատ մեր զինվորների առօրյա զոհաբերության։ Սա մեր մասնակցությունն է, քաղաքական դաշտում մեր կռիվն է՝ որպես սփյուռքում գտնվող զինվորներ»,-նշեց նա։ Երիտասարդները պարբերաբար կոչ են անում սփյուռքի հայրենակիցներին շարունակական նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իրենց քաղաքական ձայնը բարձրացնել տարբեր միջոցներով և սոցցանցերում Արցախի ճանաչման համար հավաքական աշխատանքը շարունակել մեծ թափով։