Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ես կույր եմ, բայց գործում եմ, իսկ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով փոքր հասակում կորցրել է տեսողությունն ադրբեջանական ռումբի պայթյունի հետևանքով, միջազգային հանրությանը կոչ է անում գործել` տեսնելով այն ամենը, ինչ Ադրբեջանն անում է Արցախի քաղաքացիական բնակչության հետ: Այս մասին Բեգլարյանը ասել է Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 31-ին թիրախավորված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից արված իր տեսաուղերձով:

«Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ: Ադրբեջանը չտարբերակված թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, որպեսզի խորացնի Արցախում հումանիտար աղետը: Ես տեսնում եմ, որ կան շատ ավերածություններ, ես կույր եմ, բայց ես «տեսնում եմ» շոշափելով, ես կույր եմ, բայց ես գործում եմ: Միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Միջազգային հանրությունը տեսնում է ամեն ինչ, առանց շոշափելու` աչքերով: Բայց նա պատշաճ չի գործում: Այդ պատճառով շարունակվում են ռազմական հանցագործությունները Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից: Միջազգային հանրությանն իմ կոչն է, որպես կույր և, որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան` սկսե’ք գործել, դադարե’ք խոսել, մի’ եղեք կույր»,- նշել է Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ Ստեփանակերտի շուկայի թիրախավորումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, ըստ որի կողմերը չպետք է թիրախավորեն քաղաքացիական օբյեկտները:

«Բայց դուք տեսնում եք, որ նրանք թիրախավորել են քաղաքացիական օբյեկտը, որը շատ հեռու է ռազմական օբյեկտներից և գտնվում է Ստեփանակերտի թաղամասերից մեկում: Այս թիրախավորման հետևանքով բազմաթիվ խանութներ են ավերվել և լրջորեն վնասվել, կան նյութական մեծ վնասներ: Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և մի շարք այլ քաղաքների ու գյուղերի բնակելի հատվածները: Ադրբեջանի հարվածների հետևանքով 59 տարեկան տղամարդ է զոհվել Մարտունու Հերհեր գյուղում»,- հայտնել է Արտակ Բեգլարյանը: