Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ղարաբաղյան հակամարտությունն ու կրոնական գործոնը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը կրոնական չէ, սակայն լիովին բացառել այս գործոնն անհնարին է

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից իր միանշանակ աջակացությունն է հայտնել Ադրբեջանին: Կազմակերպության վերջին հայտարարությունում ԼՂ հակամարտության վերաբերյալ կառույցն իր համերաշխություն է հայտնում Ադրբեջանին, Հայաստանին մեղադրում ագրեսիայի մեջ, կոչ անելով հասնել քաղաքական կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա և ցավակցություն հայտնում Ադրբեջանին զոհերի կապակցությամբ:

ԼՂ հակամարտության հարցում այսօր Ադրբեջանին անմիջական աջակցություն են ցուցաբերում Թուրքիան և Պակիստանը: Հայաստանը մեղադրել է այս երկրներին ուղիղ ռազմական միջամտության մեջ Բաքվի օգտին, որը հերքում են այս երկրները: Բաքուն վստահեցնում է, որ օժանդակությունը միմիայն քաղաքական է:

Սակայն միջազգային մամուլում շարունակվում են հրապարակումներ Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի սիրիացի իսլամիստ զինյալների տեղափոխման մասին: Այս տեղեկությունը, որը ևս հերքում են Բաքուն և Անկարան, հաստատել են պաշտոնական Փարիզն ու Մոսկվան: Վերջինս Բաքվին է փոխանցել իսլամիստ զինյալների մասին փաստերը:

՛՛Ի պաշտպանություն քրիստոնյաների՛՛ կազմակերպության մամլո խոսնակ Սառա Բասիլը Թուրքիայի այսօրվա ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանում դիտարկում է որպես ՛՛ցեղասպանության՛՛ նոր փորձ հայերի դեմ:

''Այն ինչ տեղի է ունենում կարելի է որակել միմիայն որպես ցեղասպանություն: Դա նույն է, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ: Թուրքիան ցեղասպանություն է իրականացնում այսօր քրիստոնյա հայերի նկատմամբ Արցախում՛՛,- նշում է Բասիլը:

Նա կոչ է անում միջազգային հանրությանն ու ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել Թուրքիայի գործողությունների դեմ ու պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ: Կազմակերպության մամլո խոսնակը Լեռնային Ղարաբաղում սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը դիտարկում է որպես կրոնական հիմքի վրա ծրագրված հարձակում, որը կրում է խորհդանշական բնույթ:

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ ենթարկվել է հրթիռակոծման: Այս կապակցությամբ իր մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների հանձնաժողովը, որը թվիթերյան գրառմամբ իր հիասթափությունն է հայտնել ՛՛այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ Ղազանչեցոց տաճարը լուրջ վնասվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում՛՛: Հանձնաժողովը կոչ է արել պահպանել սրբավայրերն ու կրոնական նշանակության վայրերը, մասնավորապես ընթացող բռնությունների ֆոնին՛՛:

Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Աննա Ֆիլիփսն իր հերթին ընդգծում է, որ կրոնական գործոնն առաջնային չէ այս հակամարտությունում՝ չնայած նրան, որ հակադրվող կողմերն են քրիստոնյա Հայաստանն ու մեծ մասամբ մահմեդական Ադրբեջանը, որն, ըստ վերլուծաբանի, զգալի չափով աշխարհիկ է:

՛՛Հուսով եմ, որ երկու կողմերի առաջնորդները չեն մեծացնի թշնամանքը կողմերի միջև՝ խնդիրը դարձնելով ոչ միայն ազգային, այլև կրոնական հակամարտություն՝ ստեղծելով նոր խոչընդոտներ կարգավորմանը հասնելու ճանապարհին՛՛,- նշել է Աննա Ֆիլիփսը:

Նրա կարծիքով հակամարտությունը պետք կարգավորվի փոխզիջումների հիման վրա: Վերլուծաբանը գտնում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխով նախատեսված խաղաղարար և խաղաղապահ առաքելության իրականացումը կարող է օգնել վերականգնել կայունությունն ու դադարեցնել կրակը տարածաշրջանում՝ կողմերին հարկադրելով հարգել հրադադարի ռեժիմը: Խաղաղարար և խաղաղապահ առաքելություններն, ըստ նրա, պետք է իրականացնեն այն երկրները, որոնց վստահում են հայկական ու ադրբեջանական կողմերը: Այն պետությունները, որոնք աջակցել են այս կամ այն կողմին, չեն կարող ընդգրկվել առաքելության մեջ, գտնում է վերլուծաբանը: