Բացել լրահոսը Փակել լրահոսը
123074683_2788326208075157_1065900082527804500_o
A A
Պաշտոնական

Ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին. Արսեն Թորոսյանը՝ ԱՀԿ ներկայացուցչին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ:
Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ:
 
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին` համաճարակի ընթացքում շարունակական օգնություն տրամադրելու համար և ընդգծել իր անհանգստությունը` համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ, մասնավորապես, որ ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը:
 
«Այս ամենը տեղի է ունենում համավարակի ծանր իրավիճակում և համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- նշել է նախարարը:
 
Հանս Կլյուգեն ներկայացնելով մինչ այս Հայաստանին տրամադրված աջակցությունը, հավելել է, որ վիրավորների բուժօգնության համար մեր երկրին է տրամադրվել նաև տրավմատիկ և վիրաբուժական գործիքների հավաքածուներ:
 
Նշենք, որ համավարակի սկզբից սերտ համագործակցություն է եղել ԱՀԿ-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև, ցուցաբերվել է թե տեխնիկական աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կառավարման, վարակի կանխարգելման, վերահսկման և այլ ուղեցույցների մշակման և թե նյութական` թեստերի, ռեագենտների, բժշկական սարքերի, և այլ պարագաների տրամադրման գործում: Համագործակցության շրջանակներում նաև կազմակերպվել են բժշկական մասնագիտական թիմերի այցեր:
 
Կողմերը հաստատել են, որ փոխգործակցությունը շարունակում է ընթանալ խիստ համակարգված: