Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ 4
A A
Պաշտոնական

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 3 վճիռ է հրապարակել. Aravot.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Հայաստանի դեմ ներկայացված 3 գործի վերաբերյալ դատական վճիռները, գրում է Aravot.am-ը:

Արտաշես Անտոնյանն ընդդեմ Հայաստանի

ՀՀ քաղաքացի Արտաշես Անտոնյանը՝ ծնված 1954թ․, Քաջարանի բնակիչ, 2008թ․ հուլիսի 30-ին տուգանվել էր իր  աշխատավայրում իրականացված ստուգումներից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել էր,  որ մաքսային մարմինները տրամադրել են փաստաթուղթ, որը հաստատում է, որ քաղաքացին որոշ ներկրված ապրանքների համար գների սխալ հայտարարագիր է ներկայացրել, ինչի արդյունքում նրան տուգանել էին վարչական վարույթի սահմաններում, որը հարուցվել  էր 2008թ․ հոկտեմբերի 17-ին։ Արտաշես Անտոնյանը բողոքարկել էր որոշումը վարչական դատարաններում՝ պնդելով, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 37-րդ հոդվածը նախատեսում է տուգանքը սահմանել հանցագործությունը բացահայտելուց հետո 2 ամսվա ընթացքում։ Քանի որ ստուգումներն իրականացվել էին 2008թ․ հուլիսին, ապա տուգանելու վերջնաժամկետը նույն տարվա սեպտեմբերն էր։ Վարչական դատարանը մերժել էր հայցը՝ նշելով, որ հանցագործությունը բացահայտվել է 2008թ․ հոկտեմբերի 17-ին։ Վարույթի ընթացքում քաղաքացի Անտոնյանից նրա  գործատուն պահել էր 2011թ․ հունիսից 2012թ․ ապրիլի աշխատավարձի 50 տոկոսը, իսկ նրան պատկանող բնակարանները առգրավվել էին և վաճառվել։ ՄԻԵԴ-ը, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համար 1 արձանագրության առաջին հոդվածի վրա (սեփականության իրավունքի պաշտպանություն), որոշել է Արտաշես Անտոնյանի համար սահմանել փոխհատուցում 20 800 եվրոյի չափով՝ որպես նյութական վնաս, 3000 եվրո փոխհատուցում՝ որպես բարոյական վնաս, և 2000 եվրո ծախսերի համար։

Հայցվոր Անուշ Ղավալյանն ընդդեմ Հայաստանի

Անուշ Ղավալյանը՝ ծնված 1972թ․, Երևանի բնակիչ, ՄԻԵԴ էր դիմել հարկերից խուսափելու գործը բողոքարկելու համար։ Հայցվորը 2008թ․ մարտին աշխատում էր հանրային սննդի կետերից մեկում որպես գանձապահ։ Նրան կալանավորել էին հարկերից խուսափելու մեղադրանքով։ Դատարանը ի սկզբանե սահմանել էր 20-օրյա կալանքի ժամկետ, իսկ հետո, չնայած բողոքարկմանը, բազմիցս երկարաձգել էր կալանքի ժամկետը՝ պատճառ բերելով հայցվորի փախուստի կամ  հետաքննության վրա ազդելու ռիսկը։ 2008թ․ նոյեմբերին քաղաքացի Ղավալյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Առաջնորդվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով (ազատության և անձնական  անձեռնմխելիության իրավունք )՝ ՄԻԵԴ-ը որոշել է բավարարել քաղաքացի Ղալավյանի հայցը և 3000 եվրոյի չափով բարոյական վնասի փոխհատուցում սահմանել։ Հայցվոր կողմին պետք է վճարվի նաև 161 եվրո դատական ծախսերի համար։

Նորիկ Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի

Հայցվոր Նորիկ Պողոսյանը՝ ծնված 1983թ․ Մեծավանի բնակիչ, ՄԻԵԴ էր դիմել բարոյական փոխհատուցման իրավունքը վերականգնելու գործով։ 2008թ․ հոկտեմբերին նրա դեմ գործ էր հարուցվել թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ 2009թ․ հոկտեմբերին նա մեղավոր էր ճանաչվել և 3 տարվա ազատազրկման դատապարտվել։ 2010թ․ ապրիլին նա ազատ էր արձակվել պատիժ կրելուց հետո։ Այդ ընթացքում, սակայն, դատավճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել, բեկանվել էր, և վճռաբեկ դատարանը նրան արդարացրել էր՝ որոշելով, որ հայցվորի դեմ ապացույցները ձեռք են բերվել նրա իրավունքների խախտումներով։ Գործն ուղարկվել էր վերաքննության և 2010թ․ հոկտեմբերին քաղաքացի Պողոսյանն արդարացվել էր։ 2011թ․ հուլիսին նա քաղաքացիական հայց էր ներկայացրել բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար։ Դատարանը բավարարել էր նյութական վնասի փոխհատուցման հայցը միայն։ Առաջնորդվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5–րդ կետով (փոխհատուցման իրավունք)՝ ՄԻԵԴ-ը սահմանել է քաղաքացի Պողոսյանին վճարել 6000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Աղբյուր՝ Aravot.am