Բացել լրահոսը Փակել լրահոսը
122952349_2787418291499282_9109004566422938778_o
A A
Պաշտոնական

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին Covid-19-ի ընթացքում հնդիկ ուսանողներին հոգ տանելու համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ:
Բարձր գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի միջև առողջապահության բնագավառում ծավալված երկարատև համագործակցությունը և նախորդ տարիներին Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերված շարունակական օժանդակությունը` նախարարը խնդրել է դեսպանին դիտարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված ռազմական իրավիճակում Հնդկաստանի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունը:
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել շաբաթներ առաջ դեղամիջոցների տեսքով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված օժանդակության համար և նշել, որ դրանք ծառայում են իրենց նպատակին:
Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահության ոլորտը պատրաստ էր կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելուն, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի բժշկական կենտրոնները համալրել նոր սարքերով և դեղորայքով:
Հնդկաստանի դեսպանը հավաստիացրեց, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Առողջապահության նախարարին Covid-19 - ի ընթացքում հնդիկ ուսանողներին հոգ տանելու համար:
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունն առողջապահության բնագավառում: