Հայերին ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր եւ լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինՍոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր օգտատերերին են ուղարկվում պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված ահազանգերը, դրանք շուրջօրյա ուսումանասիրությունները վկայում են, որ նշված տեսանյութերն ու լուսանկարները ուղարկվում են առանձին հաղորդագրությունների տեսքով և ուղեկցվում են բացառիկ ցինիզմի վերաբերմունքով ու սպառնալիքներով։
Ավելին, սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ բացվում կամ ակտիվացվում են ադրբեջանական կամ թուրքական օգտահաշիվներ կամ էջեր, որոնց հատուկ նպատակը այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ տարածելն է, որոնք ցուցադրում են սպանված զինվորներ կամ հենց սպանության պրոցեսը՝ ուղեկցվելով դաժանություններով։
Ընդ որում, ստուգումները վկայում են, որ վայրագությունների ոչ բոլոր նյութերում են Արցախի կամ Հայաստանի զինված ուժերի ծառայողներ, սակայն դրանք ներկայացվում են նենգափոխված ու կեղծ տեղեկություններով այնպես, որ խոսքը հենց նրանց նկատմամբ իրականացվող ադրբեջանական զինված ուժերի անդամների իրականացրած դաժանությունների մասին է ու վերաբերում է սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողություններին: