Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (տեսանյութ)

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստոլտենբերգը ասաց հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ընթացքում:

«ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Ստոլտենբերգը:

 

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ Ստոլտենբերգը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև առկա գործընկերությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում հայ խաղաղապահների առաքելությունները:

․․․․․․․․․․․․․․

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:

«Սա հակամարտություն է ոչ միայն հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրրոդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։ Այդ երկիրը Թուրքիան է, որը նաև տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը»,- ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու եռյակի երկրների նախագահների ջանքերը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելու համար ներդրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ցավոք, շարունակվում են ռազմական գործողությունները ԼՂ-ում և ԼՂ-ի շուրջ: Ինչպես նշեցիք, անընդունելի են խաղաղ բնակչության թիրախավորումները»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահն իր խոսքում անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի ու Հայաստանի հարաբերություններին՝ ընդծելով, որ Հայաստանն այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է, որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր: