Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Ղարաբաղի հարցը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առարկայական քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նախարարներն ընդգծել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։
Վերահաստատվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը:
Գործնական առումով նշվել է կրակի դադարեցման ռեժիմի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը և դրա պահպանման վերահսկողության մեխանիզմների համաձայնեցումը:
Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու նպատակով: