Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը RT հեռուստաընկերությանը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել RT հեռուստաընկերությանը. Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք այս դժվար ժամանակահատվածում մեզ ընդունելու համար: Ինչպես բոլորս գիտենք, բարդ ժամանակներում անհրաժեշտ է խոսել և լինել իրազեկ, այդ իսկ պատճառով մենք հիմա այստեղ ենք: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ վերջին զարգացումներ կան հակամարտության գոտում և ուղիղ պատասխանել հարցին՝ հրադադարը գործո՞ւմ է: - Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել RТ-ին այս հարցազրույցի համար: Ինչպես Դուք նշեցիք, հիմա դժվար ժամանակներ են, սակայն նման ժամանակներում պետք է խոսել և հատկապես պետք է խոսել ընկերների հետ: Ձեր հարցին ուղիղ պատասխանը, դժբախտաբար, ոչ է: Հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում, և սա միայն իմ խոսքերը չեն, սա ճանաչված փաստ է շատ միջազգային դիտորդների կողմից: Այս փաստի մասին մի քանի ժամ առաջ խոսեց նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը: Կրկին պետք է ասեմ, դժբախտաբար, քանի որ հրադադարը խախտել նշանակում է ռմբակոծել, հրետակոծել, մարդկային ավելի շատ կյանքեր խլել՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի/Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ առաջնագծում, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր: Հարց- Կա՞ն հրադադարի խախտումներ հայկական կողմից: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ: - Եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան և դրանք պետք է գործի դրվեն: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի, բացարձակ անհրաժեշտություն են հրադադարը մշտադիտարկման ենթարկելը, ապահովելը, որ այն աշխատի: Հարց- Դուք ասացիք, որ խոսքը կրակին պատասխանելու մասին է: Ցանկանում եմ հստակեցնել՝ հնարավո՞ր է զինված ուժերում լինեն տարբեր ուժեր, մարդիկ, ովքեր այլ տեսակետ ունեն: Գուցե կա՞ տարբերակ, որ ինչ-որ կողմ ավելի ծայրահեղ է: Ի՞նչ կասեք Ադրբեջանում այն վնասների և զոհերի մասին, որոնք հեռու են հակամարտության էպիկենտրոնից, օրինակ, տեղեկությունները Գյանջան հրետակոծելու և վնասներ հասցնելու մասին, որոնք հայտնվեցին հրադադարի մասին հայտարարելուց հետո: - Փորձեմ պատասխանել Ձեր հարցին և մի քանի կետեր առանձնացնեմ: Առաջինը՝ ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ իմ կառավարությունից՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն: Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո ՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին: Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/ Արցախի Հանրապետության բնակչությունը: Եվ այդ պատերազմը սկսվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ու շինությունների հրետակոծությամբ: Ստեփանակերտում չկան ռազմական օբյեկտներ: Իսկ քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում, այդ թվում և՝ մայրաքաղաքում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Հարց- Վերադառնալով իմ նախկին հարցին՝ կարո՞ղ է լինել տարաձայնություն հայկական զինված ուժերի ներսում: - Եթե խոսում եք Հայաստանի և ՀՀ պաշտպանության նախարարության մասին, ավելի քան վստահ եմ, որ կա միայն մեկ տեսակետ և մեկ վարքագիծ, որը գալիս է կառավարությունից, վարչապետի գրասենյակից, պաշտպանության նախարարությունից: Եվ պատճառը պարզ է՝ վարչապետն է պատասխանատու անձը կառավարությունում այս ամբողջ գործողությունների իրականացման համար: Եթե ես նման տեղեկություն ունենայի, ապա կլինեի առաջինը, ով կվերցներ հեռախոսը և կխոսեր վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Ես չունեմ նման տեղեկատվություն: Հարց- Պարոն նախագահ, ուզում եմ հստակեցնել՝ երբ ասում եք, որ տեղյակ չեք Հայաստանի կողմից Գյանջայի հրետակոծման կամ ռմբակոծման դեպքերի մասին, արդյո՞ք նկատի ունեք, որ տվյալ դեպքում դա սադրանք է՝ հասնելու իրավիճակի ավելի լարման: - Դա սադրանք է, թե ոչ՝ մանրուք է: Մեծ պատկերն այն է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս հետաքրքրված չեն սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շարունակելու բանակցությունները: Նրանք որոշեցին վերադառնալ 30 տարով հետ, երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, և կրկին փորձել խնդիրը լուծել ուժի միջոցով: Ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև որպես մեկը, ով հետևում է գործընթացին երկար տարիներ, կարող եմ վստահեցնել, որ երբ վերլուծում եմ այս ամենը, տրամաբանորեն հասկանում եմ, որ խնդիրը ռազմական լուծում չունի մի քանի պատճառով: