Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է. ՊՆ ներկայացուցիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի զինված նկրտումներին եւ անհրաժեշտ հակահարված տալով՝ ետ շպրտել ելման դիրքերը: իրավիճակն առաջնագծում այսպես բնորոշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով առավոտյան ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում նոր թափով սկսել են մարտական գործողությունները, որոնք այժմ էլ շարունակվում են.
«Հյուսիսում նույնիսկ ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ»:
Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների այն հայտարարությունը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը գրավել են Ջաբրաիլը, Հադրութը եւ հարակից գյուղերը, ՊՆ ներկայացուցիչը ծիծաղելի որակեց.
«Ես այդ ժամանակ գտնվում էի Հադրութ քաղաքում, եւ որեւէ նման բան չկար: Ասեմ ավելին՝ կոնկրետ այդ ուղղությամբ, այսինքն՝ մերձարաքսյան հովտից մի փոքր ավելի հյուսիս, ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ ողջ օրը հրթիռակոծվել եւ գնդակոծվել է Ստեփանակերտը, առնվազն մի քանի տասնյակ պայթյուններ են որոտացել տարբեր տեսակի զենքերից։
Ինչ վերաբերում է Շուշիին, Հովհաննիսյանն ասում է՝ եկեղեցու հրթիռակոծումը պատահականություն լինել չի կարող.
«Ես այսօր իմ աչքերով տեսա նաեւ Շուշիում եկեղեցու վնասվածքը, փլվածքը: Ըստ էության եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ, գերճշգրիտ հարված է հասցվել երկու անգամ, եւ դա չի կարող լինել պատահական հարված»:
Ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է. «Կամ միտումնավոր, կամ հանգամանքներն են այդպիսին, որովհետեւ պատմության մեջ մենք շատ ենք տեսել նման դեպքեր, երբ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում։ Շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է այդ ծուղակում»։
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ նախիջևանյան հատվածում իրավիճակը հանգիստ է, մարտական գործողություններ չկան ։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ընթացող բանակցությանը, Հովհաննիսյանն ասաց ' բանակցությունների ընթացքում մարտական գործողությունները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։