Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան
A A
Քաղաքականություն

Բոլորս պատկերացնում ենք Ծառուկյանի ազդեցությունն արտաքին ճակատում. նրա կալանքի որոշումը պիտի չեղարկվի. Արման Աբովյան (տեսանյութ)

Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում, համոզված է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

Վերջինս տեղեկացրեց, թե Գագիկ Ծառուկյանն առաջին օրից տեղյակ է բոլոր գործընթացներից և անում է այն ամենը, ինչ հնարավոր է անել անազատության մեջ.

«Մենք հիմա պատերազմի մեջ ենք եւ այս վիճակում բոլոր հնարավոր ու անհնարին ջանքերն ու հնարավորությունները պետք է օգտագործենք, որ հասնենք հաղթանակի»:

Աբովյանը վստահեցրեց՝ ԲՀԿ-ականները առաջնագծում են, ասաց՝ ինքը երեկ է վերադարձել, այնտեղ են Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վարդենիս են մեկնել նաև խմբակցության կանայք: Հարցին, թե կիսո՞ւմ է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեսակետը, որ պետք է վարչապետի հետ փակ հանդիպում ունենալ՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակը, Արման Աբովյանն ասաց, որ դեռ այդ հարցը իրենք չեն քննարկել.

«Անպայման, կքննարկենք այդ հանդիպման անհրաժեշտությունը: Միգուցե պարոն Մարուքյանն ինչ-որ տեղեկություն ունի, ուզում է պարզել: Այս պահին մեր մասով բան չեմ կարող ասել»:

Պատգամավորը համոզմունք ունի, որ վերջին օրերին միջազգային հանրության արձագանքը փոխվել է և գնում է դեպի ճշմարտություն. «Միջազգային հանրությունն արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շուրթերով, ՌԴ ԱԳ նախարարի, ԱՄՆ-ի պետդեպի եւ Պենտագոնի տեղեկություններով, արդեն իսկ անհերքելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փաստացի օգտագործում են ահաբեկչական կազմակերպությունները»:

Նրա խոսով՝ մեր խնդիրն է ցույց տալ, որ Ադրբեջանը և Թուրքիան ահաբեկչական երկրներ են և Հայաստանի և Արցախի դեմ ահաբեկչական գործողություններ են իրականցնում.

«Եվրախորհրդարանի պատգամավորների շրջանում գնում են ներքին քննարկումներ ընդհուպ մինչեւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Դրա հետ մեկտեղ Կանադան է արդեն մասնակի պատժամիջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ չեղարկելով հարվածային ԱԹՍ-ների մասերի մատակարարումը»,- հայտարարեց Աբովյանը:

Նա հայտարարեց՝ Ալիեւն ու Էրդողանը ռազմական հանցագործներ են, ինչն ապացուցելու համար մենք պետք է ապացույցների բազա հավաքենք.

«Ստեփանակերտը ռմբակոծվում է բոլոր հնարավոր կոնվենցիաներով արգելված կասետային ռումբերով ու հրթիռներով: Կասետային հրթիռների օգտագործումն արդեն ինքնին ռազմական հանցագործություն է»:

Տեսանյութը՝ Ֆակտորի