Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Այսօր էլ նույն բանը կատարվում էր հարավային ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյանը՝ Մատաղիսից ադրբեջանական զորքերի փախուստի առիթով (տեսանյութ)

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ասուլիս են տվել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հստակ չեմ կարող ասել. ինչքան գիտեմ՝ տեղեկությունը հայտնվել է լրատվամիջոցներում»,- դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ թուրքական F-16 հրթիռները կրկին օդ են բարձրացել և հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի այդ մասին,  ասուլիսին հայտարարեց  Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին՝ այսօր փախուստի դեպքեր չե՞ն գրանցվել, ինչպես երեկ Մատաղիսում, նա պատասխանեց.

«Այսօր էլ նույն բանը կատարվում էր հարավային ուղղությամբ, ցավոք, այս պահին դեռ տեսանյութ չունենք հարավից ցույց տալու»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ ՀՕՊ-ով օդում վերացնել հրթիռներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հնարավոր է, բայց դա բավականին բարդ գործ է, և ոչ բոլոր ՀՕՊ-երը կարող են օդում հրթիռ որսալ»:

Արծրուն Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակում բնականոն գործընթաց է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտակոչը: 

«Մարտակոչը շատ հստակ ասելիք ուներ, մենք հայտարարել ենք լիարժեք զորահավաք, և դա շատ բնականոն գործընթաց է այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշեց, որ ՄԻՊ-ի աշխատանքի նպատակն է եղել առաջին օրից սկսած պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հայտարարությունների և հարձակումների տրամաբանությունը, որովհետև այն ուղիղ առնչություն ուներ մարդու իրավունքների, կյանքի և առողջության իրավունքի հետ: 

«Չափազանց կարևոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետև ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով  բնակչության վրա հարձակում գործելը:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ առաջին օրից սկսած՝ հակառակորդը թիրախավորում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերը և սա ակնհայտ է: Սրա մասին են վկայում ոչ միայն այն տեսանյութերը, կադրերը և այն ապացույցները, որ կան, այլ նաև այն ծանր հետևանքները, որ առաջացել են»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով` հակառակորդը կիրառել է այնպիսի զինատեսակներ, որոնք միջազգային մարդասիրական իրավունքներով արգելված են:

«Կարևոր է արձանագրել, որ խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումները իրականացվում են թե ռազմաօդային, թե հրետանային հարձակումների միջոցով»,- նշեց Թաթոյանը: