Բացել լրահոսը Փակել լրահոսը
1029272
A A
Քաղաքականություն

Մատվիենկոն հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ:

«Որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, կցանկանայի իմ անկեղծ ու խորը մտահոգությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող ողբերգական իրադարձությունների առնչությամբ: Իրավիճակը չափազանց վտանգավոր է, այն հղի է Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ ռազմական բախման վերաճման վտանգով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա:

 

 Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է, որ այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում: Այս առնչությամբ նա կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

«Ցանկացած էսկալացիա կնշանակի միայն նոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,-նշել է Վալենտինա Մատվիենկոն՝  կոչ անելով աշխարհի բոլոր պատասխանատու ուժերին զերծ մնալ այս կոնֆլիկտում ցանկացած միջամտությունից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: