Այս անգամ առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցության հետ. Աննա Նաղդալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ, կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը․
«Րոպեներ առաջ Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով, այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են ևս 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր։ Այդ ուղղությամբ այս պահին թեթև մարտեր են ընթանում»։
Հովհաննիսյանը հայտնեց՝ օրվա ընթացքում հրետակոծվել են հյուսիսային հատվածի հայկական բնակավայերը, մասնավորապես՝ Մարտակերտը, որտեղ կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցները։
Հովհաննիսյանը հայտնեց նաև՝ այս պահին վիրավորների թիվը 120-ի սահմանում է։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը փոխանցեց՝ միջազգային հանրության հետ շարունակական հեռախոսակապերը շարունակվում են․
«Այս պահին ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված փորձերը»։
Նաղդալյանի խոսքով՝ պաշտոնական Բաքուն, բախվելով միջազգային հանրության դատապարտող կոչերին, սկսեց կեղծ տեղեկություններ տարածել, թե հայկական կողմն է նախահարձակ եղել , մինչդեռ անհերքելի փաստեր կան, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները․
«Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ ունի երկու առանձնահատկություն՝ նախ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, և խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, երկրորդ՝ մենք այս անգամ առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցության հետ, այն բնութագրվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ։ Մենք ունենք տեղեկություններ նաև Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի որոշակի շրջաններից օտարազգի ահաբեկիչ զինյալների հավաքագրման և Ադրբեջան տեղափոխման մասին։ Սրան գումարվում է նաև այն, որ Թուրքիայի ղեկավարությունը լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին»։
Նաղդալյանն արձանագրում է՝ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։