Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատախազություն
A A
Պաշտոնական

Չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում

Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի նախկին և ներկա ղեկավարների կողմից կատարվել են ենթադրյալ ապօրինություններ: Մասնավորապես՝ Արտաշատի նախկին քաղաքապետի կողմից իր պաշտոնավարման ժամանակահատվածում Արտաշատի մանկական գեղարվեստի դպրոցի կիսակառույց շենքը վաճառվել է ձևական աճուրդով և գնվել շուկայականից ցածր գնով:

Հաղորդման հիման վրա Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ այն հիմնավորմամբ, որ  վերը նշված դեպքի փաստով ձեռք չեն բերվել հանցագործությունը հաստատող բավարար հիմքեր և սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցները:

Արարարտի մարզի դատախազությունում ստուգվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը, որի արդյունքում պարզվել է, որ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները եղել են ոչ լիարժեք: Մարզի դատախազությունում նյութերին ծանոթանալու, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և Արտաշատի համայնքապետարան կատարված հարցումների արդյունքների ուսումնասիրությամբ նաև պարզվել են այնպիսի հանգամանքներ, որոնք պահանջում են դրանց դեպքի իրական հանգամանքների լիարժեք պարզման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացում: 

Մասնավորապես՝ պարզվել է, որ Արտաշատի նախկին քաղաքապետ Գ. Մ.-ի 2006թ. մարտի 31-ի որոշման համաձայն` «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոց»-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է դպրոցի շինությունների փաստացի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2331.0 քմ մակերեսով հողատարածք: 2006թ. նոյեմբերի 8-ին Արտաշատի համայնքապետարանում իրականացվել է «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքի աճուրդը: Շենքի շուկայական արժեքը գնահատվել է 6.500.000 ՀՀ դրամ, որը վերաբերել է միայն շինություններին, իսկ հողատարածքի շուկայական արժեքը դրա մեջ ներառված չի եղել: Աճուրդին մասնակցել է նաև Արտաշատի քաղաքապետ Գ. Մ.-ի որդին՝ ներկայում Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Ս. Մ.-ն, և նշված շենքը գնել 7.155.000 ՀՀ դրամով: 

2020թ. գարնանը նշված շինությունը վաճառվել է 90.000.000 ՀՀ դրամով: Պարզվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ դպրոցին հատկացված՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության նշված 0.2331 հա հողամասի նկատմամբ գրանցվել է շինության գնորդների՝ երկու ֆիզիկական անձանց անվամբ «Ընդհանուր համատեղ սեփականության» իրավունք: Այսինքն, բացի «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքից, վաճառվել է նաև «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոցի» շինությունների փաստացի զբաղեցրած և սպասարկման համար անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով քաղաքապետի 2006թ. մարտի 31-ի որոշմամբ «Մանկական գեղարվեստի դպրոցին»  հատկացված 0.2331 հա հողատարածքը, որը 2006թ. աճուրդի դրված չի եղել և չի օտարվել, այսինքն շարունակել է պատկանել գեղարվեստի դպրոցին:

Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը, ծանր հետևանքների առաջացմամբ, ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր արարքնի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Արարատի մարզի դատախազությունում  վերացվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: