Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Դանիբեկյան
A A
Պաշտոնական

Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ տրամադրելու միջնորդության լուծումը մինչև սույն գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:

Դատարանը գտել է, որ դատավարության ներկա փուլում հնարավոր չէ անդրադառնալ մեղադրանքի հիմքում ընկած փաստերին և դրանց վերաբերող ապացույցներին, նախքան դրանց պատշաճ հետազոտելը դատավարության ընթացքում, և այս փուլում հնարավոր չէ գնահատական տալ պաշտպանների միջնորդության հիմքում ընկած փաստարկները։

Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս որոշմամբ դատարանը զրկում է պաշտպանական կողմին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից։

«Եթե դատարանը հիմա վերջնական որոշում կայացներ և պահանջեև այդ նյութերը, ապա մինչ առկա նյութերի և դատակաչված անձանց ցուցմունքերի հետազոտման ավարտը, մենք հսացրաց կինեինք ծանոթանալ գործի բոլոր նյութերին։ Իսկ միջնորդության լուծման հետաձգումը նշանակում է, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը այդ փուլում, ապա դատարանն ստիպված է լինելու մեզ մի քանի ամիս կամ նույնիսկ մի տարի ժամանակ տալ դրանց ծանոթանալու համար», - ասաց Ալումյանը։ Բացի այդ, կարող է անհրաժեշտություն առաջանալ դատակոչված անձանց կրկին հրավիրել դատարան հարցաքննության։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը փաստեց, որ մինչ այս պահը ներկայացված պաշտպանական իրավունքի իրացման և արդար դատաքննության վերաբերյալ բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։

Նշենք, որ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով պահանջել է նաև տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը։

Կարճատև ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվում է։