Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԲՀԿ-ն ամբողջ կազմով բոյկոտեց Կառավարության հետ հարց ու պատասխանը (տեսանյութ)

Քիչ առաջ ԲՀԿ-ն ամբողջ կազմով բոյկոտեց Կառավարության հետ հարց ու պատասխանը: Խմբակցության ներկայացուցիչները պնդում են՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում եզրափակիչ ելույթում վիրավորել է ամբողջ Կոտայքի մարզի բնակիչներին:

«Քիչ առաջ մենք բոլորս ականատես եղանք մի աննախադեպ ցինիզմի, իմ պատգամավորական և լրագրողական գործունեության ընթացքում երբևէ չեմ տեսել նման նախադեպ, երբ Կառավարության անդամն ընդամենը իրեն վերագրված օբյեկտիվ քննդատությունները արժանապատիվ ընդունելու փոխարեն անցնի մարդկային, բարոյական կոռեկտության բոլոր սահմանները»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ քննարկելու են նաև Հարությունյանի հայտարարություններին իրավական գնահատական տալու հարցը:

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն իր հերթին Արայիկ Հարությունյանի ելույթը համարեց «անբարո ձևակերպումներով ելույթ»:

ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարեցին, որ կողմ են քվերակելու ԼՀԿ-ի հարցապնդմանը, քանի որ իրենք ևս կարծում են, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա: Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հավելեց, թե իրենք երբեք քննդատությունները անձնական վիրավորանքներով չեն ներկայացրել, միևնույն ժամանակ Տոնոյանը պնդեց, թե Հարությունյանը վատ իմաստով մնալու է պատմության մեջ.

«Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է միակ նախարարը, ով իր աշխատասենյակում հպարտորեն ընդունել է տրանսգենդերի, և այդ հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն էր հաղորդվում, նա պատմության մեջ կմնա միակ նախարարը, ով Հայոց եկեղեցու պատմության առարկան վերացրեց կրթական ծրագրից, մեզ համար՝ որպես ընդդիմություն, բացարձակ անընդունելի է նմանօրինակ մասնագետի գործունեությունը հատկապես ոլորտի ղեկավարի պաշտոնում»:

ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ ամենուր պահանջելու են Հարությունյանի հրաժարականը՝ փողոցում, ԱԺ ամբիոնից և այլ վայրերից:

Հիշեցնենք՝ ԱԺ ամբիոնից Հարությունյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, ով քննադատել էր Հարությունյանին։

«Տիկին Զոհրաբյան, այլասերվածությունից եք խոսում։ Գիտե՞ք՝ այս չափորոշիչներն ինչի մասին են։ Այս չափորոշիչներն այն մասին են, որ ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն», – ասաց Հարությունյանը՝ ակնարկելով վերջերս մամուլում հրապարակված քրեական գործը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Հարությունյանի խոսքից հետո ԲՀԿ պատգամավորներն սկսեցին բռունցքներով հարվածել սեղանին։