Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գուցե Արսեն Թորոսյանին և Ավինյանին վերջում արիության մեդալի արժանացնենք․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվում է Կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին նախագիծը։

Ընդդիմության և իշխանական պատգամավորների ելույթներն ու հարցադրումները մեկ կոնտեքստում էին՝ ով է առավել շատ խանգարել կամ դրական առումով նպաստել համավարակի դեմ պայքարի գործին։

Իշխող խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը նկատեց՝ Էդմոն Մարուքյանը ելույթի ընթացքում դիմակով չէր․

«Դիմակ կրելը մշակույթ է, վիրուսի դեմ պայքարի մշակույթ»,- պնդեց Իգիթյանը՝ հավելելով, որ պատգամավորն իր ելույթով կարող է մեկին փրկել վարակվելուց։

Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս նշեց՝ հանձնաժողովում միասին կքննարկեն իրենց միտինգի ժամանակ վարակվածների, ինչպես նաև «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների հարցը․

«Ձեզ հետ միասին կքննարկենք նաև Հռոմի և Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով հանելու և արաղով ախտահանելու, հիմա լեռներում մագլցող մեր նախարարի բազմաթիվ հայտարարությունները, կքննարկենք՝ ինչպես Գյումրիում մահացած տատիկը հայտնվեց Նոր Հաճնում և արտաշիրիմում արվեց, կքննարկենք հարգարժան վարչապետի հայտարարությունը, որ որոշ դեպքերում մարդիկ մահացել են, որովհետև շտապօգնությունը չի հասել, կքննարկենք՝ ինչի վրա է ծախսվել «Covid» հիմնադրամի գումարները, ինչո՞ւ տան պայմաններում բուժվողները որևէ դեղորայք չեն ստացել»։

Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ հանձնաժողովի քննության արդյունքում կպարզվի, որ համակարգը շատ լավ է աշխատել․

«Այդ դեպքում Արսեն Թորոսյանին և Ավինյանին վերջում ձեզ հետ միասին արիության մեդալի կարժանացնենք կորոնավիրուսի դեմ պայքարը իմ սուբյեկտիվ կարծիքով տապալելու համար, ուստի քանի որ ես ունեմ ձեր կարծիքով սուբյեկտիվ դիրքորոշում, ես այդ հանձնաժողովում չեմ լինի»։

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն իր ելույթի ընթացքում ևս դիմակը հանեց այն պատճառաբանությամբ, որ խտրական է համարում պարետի այն որոշումը, որ բարձրաստիճան պաշտոնյաները ելույթ ունենալիս կարող են դիմակը հանել։ Սամսոնյանը նշեց՝ բարձրաստիճան պաշտոնյաներից զատ՝ ելույթ ունենում են նաև պատգամավորները, հասարակ քաղաքացիները։

Պատգամավորը հույս հայտնեց որ իր խոսքով՝ այս և այլ խտրական դեպքերը հանձնաժողովի քննարկման առարկա կդառնան։